211652_close_icon
views-count28995 դիտում article-date 22:38 11-12-2023

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. Mercedes-ում պայթյուն է առաջացել, 27-ամյա վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել է Արմավիրի մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածն Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Հ.-ն է։

Պարզվել է նաև, որ այսօր՝ ժամը 18:30-ի սահմաններում, Նարեկ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս է եղել Նորապատ գյուղի 4-րդ փողոցում, որտեղ ավտոմեքենայում առաջացած գազի արտահոսքի և վերջինիս՝ կրակմարիչ վառելու պատճառով առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով Նարեկ Հ.-ն ստացել է «զույգ ձեռնաթաթերի ափային և թիկնային մասերի, պարանոցի և դեմքի շրջանի այրվածքներ»։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով ավտոմեքենայի հետևի ապակին կոտրվել է և ավտոմեքենայի որոշ հատվածներ վնասվել են։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր