211652_close_icon
views-count65313 դիտում article-date 09:52 09-12-2023

Խոշոր ավտովթար-վրաերթ` Շիրակի մարզում. Արթիկի գաղութի մոտ բախվել են Opel-ն ու կաթ տեղափոխող ГАЗель-ը. կան վիրավորներ, այդ թվում` վրաերթից. ժամանել են Շիրակի մարզի ու Արթիկի և Անիի դատախազները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Արթիկ քաղաքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արթիկ քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ բախվել են բեռնատար ГАЗель-ն ու Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները, որից հետո ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին, Opel-ն էլ բախվել է էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրից 3 հոգի տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար` Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանն ու Արթիկի և Անիի դատախազ Սարգիս Պետրոսյանը:

Տեղում պարզվել է, որ ոչ միայն ավտովթար է տեղի ունեցել, այլև վրաերթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ГАЗель-ը զբաղվում է կաթնամթերքի տեղափոխմամբ և կանգնել է գաղութի հարևանությամբ ու այդ ժամանակ Opel-ի կողմից տեղի է ունեցել վրաերթ-վթար:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի խումբը` բաժնի պետ Նարեկ Մանանդյանի, բաժնի պետի տեղակալ Նարեկ Գարեգինյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վոլոդյա Լոռեցյանի և Արտուշ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր