211652_close_icon
views-count54210 դիտում article-date 16:27 29-11-2023

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. ճակատ ճակատի բախվել են Range Rover-ն ու Volkswagen Vento-ն. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարներն ու բժիշկները, պարեկների շնորհիվ մի քանի կիլոմետրանոց խցանումը րոպեների ընթացքում բացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Range Rover և Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և պատգարակներով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի և Բյուրեղավանի բժշկական ամբուլատորիայի շտապօգնության ավտոմեքենաներին:

Բժիշկները վիրավորներին  նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա 2-ին տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ 2-ին, ովքեր գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներր Կարեն Սարգիսյանն ու Սերգեյ Հայրապետյանը, իսկ վիրավորներից  մեկին պարեկային ծառայության ավտոմեքենայի մեջ տեղադրված դեղատուփի մեջ առկա բժշկական պարագաներով բուժօգնություն է ցուցաբերել նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանը:
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, որ վթարից հետո առաջացել էր մոտ 2.5-3 կմ խցանում, սակայն շնորհիվ պարեկների օպերատիվ և ճիշտ գործողությունների, ճանապարհը հաշված րոպեների ընթացքում բացվեց և դարձավ երթևեկելի:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Գ. Դալլաքյանի որոշմամբ՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր