211652_close_icon
views-count931 դիտում article-date 16:41 18-11-2023

Երևանն ու Բաքուն դեռևս խոսում են ամենատարբեր դիվանագիտական լեզուներով․ Փաշինյան

Երևանը Բաքվին առաջարկում է փոխադարձաբար զորքեր չունենալ Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կողմում, ինչպես նաև հասցեագրել էքսկլավ-անկալվների հարցերը:
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Երևանում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մաս հանդիսացող էքսկլավ Արծվաշենն, օրինակ, ավելի քան 30 տարի գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո։
«Երևանն ու Բաքուն դեռևս խոսում են ամենատարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար»,- ասել է նա։

Վարչապետը դրա օբյեկտիվ պատճառներն էլ նշեց՝
«երկարամյա հակամարտությունը պատմական որոշակի կոնտեքստով, հազարավոր զոհերը, որոնց հարազատների աչքերի մեջ շատ դժվար է նայել, տասնյակ գերիները, որոնց ընտանիքի անդամների հարցերին պատասխաններ չկան, տասնամյակներ գերիշխող ատելության մթնոլորտը և կասկածները, որ կառուցողական հայտարարությունների տակ թաքնված են վատ մտադրություններ, ընդ որում ինչ ասում եմ, այս կամ այն պահով վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»։

Շեշտելով, որ Ադրբեջանն, օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել արդեն համաձայնեցված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներին՝ Փաշինյանը նշեց՝ դա խորացնում է անվստահության մթնոլորտը։

«Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և ըստ էության պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ Հայաստանը երկխոսության մեջ է նաև Թուրքիայի հետ։

«Նախկինում նման ակտիվ երկխոսություն երբեք չենք ունեցել՝ չնայած դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով որևէ հաջողություն չունենք։ Բայց Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարևորագույն գործոն է Հարավային Կովկասի խաղաղ, զարգացող միջավայրի ռազմավարական տեսլականի համար»,- ասաց Փաշինյանը։

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում կկարողանանք լսել Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բացելու լուրը։

«Սա կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ։ Հույս ունենք Հարավային Կովկասը դարձնել աշխարհին լավ նորություններ մատակարարող տարածաշրջան»,- ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունն ու ինքն անձամբ պատրաստ են կրել այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ պատասխանատվությունը։

Նմանատիպ նյութեր