211652_close_icon
views-count7567 դիտում article-date 15:32 07-06-2018

Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին պետք է պայմանավորվեն Երևանն ու Բաքուն․ Լավրով

«Եթե պաշտոնական Բաքուն ու Երևանը պայմանավորվեն, որ որևէ փուլում Ղարաբաղը կրկին պետք է ներկայացված լինի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, որին մենք հարգանքով կվերաբերվենք», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանի հետ այսօր Մոսկվայում կայացած հանդիպումից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ: Սերգեյ Լավրովը ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը անփոփոխ է՝ կարգավորում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որը փոխշահավետ ֆորմատ է, ինչպես ասել է Լավրովը: Նա նշել է, որ իբրև համանախագահներից մեկը՝ ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ միասին վարում են ընդհանուր փոխհամաձայնեցված, ոչ հակասական գիծ՝ Երևանի ու Բաքվի միջև համաձայնության պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Լավրովը ասել է, որ այդ աշխատանքը իրականացվում է տարիներ շարունակ «և ի դեպ փուլեր են եղել, երբ Ղարաբաղի ներկայացուցիչներն էլ մասնակցել են գործընթացին», ինչպես հիշատակել է ՌԴ արտգործնախարարը: Նա ասել է, որ հետո Երևանն ու Բաքուն պայմանավորվել են առանց Արցախի բանակցել: Միաժամանակ, Լավրովը նշել է, որ եթե Երևանն ու Բաքուն պայմանավորվեն որպես բանակցային կողմ Արցախի վերադարձի մասին, ապա իրենք հաշվի կնստեն այդ պայմանավորվածության հետ, հարգելով կողմերի որոշումը: Լավրովը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել էր Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այդ դիրքորոշումը նա ևս մեկ անգամ վերահաստատեց այսօր՝ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ:

Նմանատիպ նյութեր