211652_close_icon
views-count730 դիտում article-date 11:41 15-12-2023

Կարևոր է, որ Երևանն ու Բաքուն խոսում են միմյանց հետ, երկու կողմերին էլ խրախուսում ենք հանդիպել․ Ջեյմս Օ’Բրայեն

Իսկապես կարևոր է, որ Երևանն ու Բաքուն խոսում են միմյանց հետ և գործնական համաձայնությունների հասնում, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը՝ շեշտելով կալանավորների ազատ արձակման մասին համատեղ հայտարարությունն ու դրան հաջորդած գործնական քայլը։

«Այս շաբաթ կալանավորվածներն արդեն տանն են: Նրանք համատեղ հայտարարություն տարածեցին, որն ի ցույց է դնում աջակցություն միմյանց նկատմամբ՝ բազմաթիվ առումներով, ներառյալ նրանց միջազգային ձգտումներին», - ասել է Օ’Բրայենը՝ հույս հայտնելով, որ շատ շուտով ականատես կլինեն, որ կողմերը հասնում են խաղաղության համաձայնագրի։

«Երկու կողմն էլ հայտարարել է, որ շահագրգռված է այդ անել: Մենք, նաև Եվրամիության մեր գործընկերները և մյուսները պատրաստ ենք օգնել: Կցանկանայինք տեսնել, որ այս ամենը շուտով իր ավարտին է հասել, քանի որ շուտափույթ խաղաղության կնքումը հսկայական օգուտներ կբերի», - ասել է ԱՄՆ պաշտոնյան։

Հարցին, թե արդյո՞ք պետքարտուղարությունը կհյուրընկալի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին մինչև տարեվերջ, Օ’Բրայենը պատասխանել է․ «Այն, ինչ մենք ասել ենք երկու երկրներին հետևյալն է՝ շատ ուրախ ենք աջակցել նրանց միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը: Արդեն հյուրընկալել ենք երկու արտգործնախարարների միջև խաղաղ բանակցությունների մի քանի փուլ, և այդ նորից կանեինք, եթե կողմերը որոշեին, որ դա կօգնի նրանց խաղաղություն կնքել: Մենք պատրաստ ենք օգնել: Երկու կողմերին էլ խրախուսում ենք հանդիպել, և մինչ այժմ յուրաքանչյուրն ասել է, որ պատրաստ է աշխատել այդ նպատակով»:

Ճշտող հարցին, թե մինչև այս տաեվե՞րջ, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պատասխանել է․ - «Այս տարվա համար բավարար ժամանակ չի մնացել, բայց մենք ամեն ինչ կանենք»:

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե Ադրբեջանն ընդունել է հունվարին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպման ԱՄՆ-ի հրավերը: Հայտարարությունից ժամեր անց, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից պնդեցին՝ Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա։

Նմանատիպ նյութեր