211652_close_icon
views-count22367 դիտում article-date 19:47 19-10-2023

Կրակոցներ Երևանում. պարեկների կողմից դեպքի վայրում բռնված տղամարդն ասել է, որ ինքը կրակել է Արցախի նախագահի կողմից իրեն պարգևատրած ատրճանակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ն վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Գրիբոյեդով փողոցում կրակոցի ձայներ են լսել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները, ժամանելով նշված վայր, «Կոմիտաս պարկ» շինհրապարակում նկատել են մի քաղաքացու և կասկած է առաջացել պարեկների մոտ, որ հնարավոր է կրակոցների հեղինակը նա է:

Պարեկների ահազանգով դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր այդ քաղաքացուն խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Արդեն տեղում այդ քաղաքացին հայտնում է, որ կրակոցները ինքն է արձակել՝ իր անվամբ գրանցված օրինական զենքով:

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են կրակված պարկուճներ: 

Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ 50-ամյա Արման Ա.-ն է, ում մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով: 

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ատրճանակը, որպես պարգև, ստացել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից 2023 թվականին և ոստիկաններին է ներկայացրել ատրճանակը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր