211652_close_icon
views-count1078 դիտում article-date 12:52 07-10-2023

Արցախից տեղահանվածների 99,3 տոկոսի տվյալները մշակված են, նրանցից 76,692-ը գտնվում են մարզերում․ Նազելի Բաղդասարյան

ԼՂ-ից տեղահանված շուրջ 100,632 անձ ժամանել է ՀՀ և ներկա փուլում իրականացվում է տվյալների հաշվառման և նույնականացման գործընթաց։ Այս մասին կառավարության Հումանիտար կենտրոնից Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերը ներկայացնելիս ասաց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Ըստ քաղաքացիության և միգրացիայի ծառայության տրամադրած տվյալների՝ այս պահի դրությամբ 99,3 տոկոսի տվյալները մշակված են, նրանք հաշվառված և նույնականացված են։ Տեղաբաշխումը շարունակվում է ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ Երևանում։ Որոշակի դեպքերում առաջնային կեցավայր մեկնածները տեղափոխվում են ավելի հարմար բնակավայրեր, որպեսզի առաջիկա վեց ամսում շարունակեն ապրել արդեն վարձակալած բնակարաններում։ ՏԿԵ նախարարությունից մեզ փոխանցել են, որ այսօրվա դրությամբ 76,692 մարդ գտնվում է ՀՀ տարբեր մարզերում։ Ընդհանուր ժամանածներից շուրջ 58,000-ի տեղավորման ու կեցության հարցում պետությունն աջակցել է, մյուսների դեպքում տրամադրվել են որոշակի սնունդ, հիգիենիկ պարագաներ և այլն»,- ասաց նա։

Բաղդասարյանը նշեց, որ թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են բազմաթիվ հեռախոսազանգեր, որով հայտնում են, որ դեռևս չեն ստացել 100,000-ական դրամները։

«Շուրջ 50 տոկոսի գումարներն արդեն փոխանցվել են ԿԲ-ի կողմից տրամադրված բնակային քարտերի տվյալներին, մնացյալ գործընթացը շարունակական է լինելու»,- ասաց խոսնակը։

Անդրադառնալով առողջապահության ոլորտում ընթացող գործընթացին, Բաղդասարյանն ասաց․
«Այս պահի դրությամբ՝ ՀՀ տարբեր բուժհաստատություններում իրենց առողջության վերականգման գործընթացը շարունակում է 302 բուժառու, 113-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է մնալ 5 երեխա, 8 երեխայի բուժումը շարունակվում է սովորական պայմաններում»։

Նմանատիպ նյութեր