211652_close_icon
views-count1810 դիտում article-date 14:21 30-03-2023

56 տոկոսի համար ԱՊՊԱ-ի գները կնվազեն, 21 տոկոսի համար գրեթե չեն փոխվի, 23 տոկոսի համար կթանկանան. ԿԲ նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ ԱՊՊԱ համակարգի շուկայի ազատականացման խնդրին:

«Այս խոսակցությունը Կառավարության ներսում սկսել է նրանից, որ խնդիր է դրվել պետական հատվածի բոլոր հիմնարկությունների ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը կատարել մրցութային կարգով: Երբ հետազոտել ենք, տեսել ենք, որ այդտեղ կան պրոբլեմներ, որովհետև, ըստ էության, սահմանված են գները ի սկզբանե, և շուկայական մոտեցում չկա: Իմ կողմից հանձնարարվել է, որ կառուցակարգերը բարեփոխվեն այնպես, որ ավտոապահովագրությունները տեղի ունենան բացառապես մրցութային կարգով:

Ահա մենք այս ճանապարհին, կարծում եմ, բավականին լավ որոշումներ ենք կայացրել, շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխում, որի արդյունքները կվայելեն նաև ՀՀ ամենակարգապահ քաղաքացիները՝ երթևեկության կանոնների պահպանման իմաստով»,- ասաց վարչապետը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ ապրիլի 1-ից Հայաստանում կմեկնարկի ավտոապահովագրման սակագների ազատականացված համակարգը:

«Ավտոսեփականատերերի համար մենք ունենալու ենք իրենց ռիսկերին համարժեք արդար գնի ձևավորման համակարգ, որը նախկինում, ըստ էության չենք ունեցել։ Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը»,– ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահը նաև նշեց, որ ազատական համակարգի գործարկմամբ կվերանան նաև վարորդի անհատական վարքի հետ կապ չունեցող նախկինում գործող կարգավորումները։ Օրինակ` նախկին կարգով սահմանված էր խմբային մոտեցում տաքսիստների կամ մինչև 80 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենաների սեփականատերերի համար, քանի որ այդ խմբերը համարվում էին ռիսկային։

Նոր օրենքով այս մոտեցումները վերացվում են, և բոլորի համար գործելու է բացառապես անհատական մոտեցում` ըստ վարորդի կարգապահության գնահատականի։

«Ապրիլի 1-ից գործելու է նաև առցանց հարթակ, որտեղ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս քաղաքացիները տեսնելու են միանգամից բոլոր ապահովագրական ընկերությունների գնային առաջարկները։ Եվ, ըստ այդմ, կարողանալու են ընտրել իրենց համար լավագույն գին-որակ հարաբերակցությունը»,- ասաց ԿԲ նախագահը։

Նա նկատեց, որ եթե բոլոր վարորդները ընտրեն իրենց առաջարկվող գներից նվազագույնը, ապա ավտոսեփականատերերի 56 տոկոսի համար ապահովագրության գինը կնվազի, 21 տոկոսի համար գները չեն փոխվի, մնացած 23-ի համար՝ կթանկանան։ «Սա չի վերաբերում բոնուս-մալուսի կիրառմանը, սա վերաբերում է բազային պայմանագրին: Բոնուս - մալուսի հետ կապված հարցերը կառաջնան անհատական տվյալները մուտքագրելուց հետո, գինը կձեւավորվի այդ երկուսի համադրման արդյունքում:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ նոր կարգը և գնային առաջարկների տարբերությունը թույլ կտա նաև պետական մարմիններին ապահովագրության գնման ընթացակարգն անցկացնել բացառապես մրցութային կարգով։

«Վերջ, այս թեման փակեցինք, այլևս որևէ գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ կհաղթի այն ընկերությունը, որը կառաջարկի նվազագույն գինը։

Նմանատիպ նյութեր