211652_close_icon
views-count937 դիտում article-date 19:11 26-09-2023

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են բնագավառում համագործակցության հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում համագործակցության մի շարք հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, Արմեն Ղուլարյանը դեսպանին ներկայացրել է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, քաղաքաշինության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու նախաձեռնությունները: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքներին՝ նա տեղեկացրել է, որ կոմիտեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող առանցքային ծրագրերի, մասնավորապես՝ դպրոցների, մանկապարտեզների, մարզական և առողջապահական կառույցների շինարարության խոշոր պատվիրատուներից է։

«Կողմերը դիտարկել են Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին Հնդկաստանում գործող շինարարական ընկերությունների մասնակցության և Հնդկաստանից աշխատուժի ներգրավման հնարավորությունները: Քննարկվել են նաև երկու պետություններում կայանալիք ոլորտային ցուցահանդեսներին մասնակցության և համատեղ համաժողովների կազմակերպման վերաբերյալ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել մասնագետների պատրաստման և վերապատրաստման նպատակներով երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության ներուժին և հեռանկարներին։

Նշվում է, որ, երկուստեք կարևորելով ոլորտային այլ ուղղություններով համագործակցության հաստատումը, որոշվել է շարունակել պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քննարկումները։

Նմանատիպ նյութեր