ՀՀ պաշտպանության նախարարը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են ոլորտում համագործակցության հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է ռազմատեխնիկական համագործակցությունը և դրա շրջանակներում այս տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ամփոփվել են համագործակցության բոլոր ուղղություններով 2017 թվականից մինչ օրս կատարված աշխատանքները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմատեխնիկական, ռազմական կրթության, վերապատրաստումների, խաղաղապահության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: