211652_close_icon
views-count1222 դիտում article-date 13:48 17-09-2023

Հռոմի ստատուտն ընդդեմ Ռուսաստանի չի վավերացվում. Էդմոն Մարուքյան

Հռոմի ստատուտի հարցով Ռուսաստանի Դաշնությանը առաջարկ է արվել, հանդիպում է եղել, գործընթացն ընթացքի մեջ է։
Tert.am-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Հասկանալի է, որ Հռոմի ստատուտը վավերացվում է ոչ թե Ռուսաստանի Դաշնության դեմ, այլ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական կողմից կատարված ռազմական հանցագործությունների պատճառով։ Դա քաջ գիտակցում են մեր ռուս գործընկերները։ Այս գործերը պետք է դառնան միջազգային քրեական հետապնդման առարկա», - ասել է նա։

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի իշխանությունները բարձր մակարդակով կրկին հայտարարել են, որ խորհրդարանը վավերացնելու է Հռոմի ստատուտը՝ մի փաստաթուղթ, որը կպարտավորեցնի Հայաստանին կատարել Հաագայի Միջազգային քրեական դատարանի որոշումները։

Հարցադրմանը, թե ինչ հնարավորություններ է տեսնում հայ-ռուսական լարված հարաբերությունների կարգավորման համար՝ հաշվի առնելով, որ դրանք վերջին շրջանում ճգնաժամի մեջ են, օրերս էլ ՌԴ-ում Հայաստանի դեսպանին նոտա է հանձնվել Փաշինյանի կնոջ՝ Ուկրաինա այցի կապակցությամբ, Մարուքյանը պատասխանել է. - «Բողոքի ցանկացած նոտայի Արտաքին գործերի նախարարությունը կարձագանքի համապատասխան ընթացակարգերին համապատասխան»։

Մոսկվայի մեկ այլ դժգոհությանը՝ հայ-ամերիկյան զորավարժություններին անդրադառնալով՝ դեսպանն ընդգծել է, որ դրանք տեղի են ունենում խաղաղապահ առաքելության շրջանակներում։

«Առաջին անգամ դրանք անցկացվել են 2011 թվականին, բայց նույնիսկ այն ժամանակ հարցեր չեն եղել։ Սրանք առաջին զորավարժությունները չեն, դրանք շարունակական են և իրականացվում են խաղաղապահ առաքելությունների շրջանակներում, որոնց մասնակցում է մեր երկիրը», - հավելել է նա։

Նմանատիպ նյութեր