211652_close_icon
views-count56631 դիտում article-date 14:19 08-09-2023

Կրակոցներ Երևանի Հրազդան կիրճում հայտնի «8-րդ հրաշալիք» ռեստորանում․ հայտնաբերվել են կրակված պարկուճ ու փամփուշտ․ կատարողը չհասցրեց գողական սիմվոլով թխված տորթը վայելել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում գործող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Դանիելյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Թաթուլ Միրզոյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Ավետիսյանը։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակված 1 պարկուճ և 1 փամփուշտ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 22։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Արթուր Հ․-ն իր ծննդյան օրը «8-րդ հրաշալիք» ռեստորանում նշելու ժամանակ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել։

Մինչ դեպքի վայրում քննություն էին կատարում քննիչները, Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները տաք հետքերով հայտնաբերում են Արթուր Հ․-ին և տեղափոխում ոստիկանության Մալաթիայի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ՝ առանց փամփուշտների։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակողը եղել է իր ընկերների հետ և կրակոցներ արձակելուց հետո իր ծննդյան առթիվ գողական խորհրդանիշով թխված տորթը չկարողացավ համտեսել։

Վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժնից ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր