211652_close_icon
views-count661 դիտում article-date 10:37 17-09-2026

Հերթական արտակարգ դեպքը՝ Գեղարքունիքի մարզում. Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրում գայլերի հարձակման հետևանքով մեծ թվով գառներ, այդ թվում՝ մայրացու,  ու ոչխարներ են սատկել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և ըստ գյուղացիների հայտնածի՝ գայլերի հարձակման հետևանքով մոտ 250-300 գառներ ու ոչխարներ սատկել են։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի և վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։ 

Դեպքի մասին տեղեկանալով՝ Սևան խոշորացված համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հանձնարարականով ժամանել են Սևանի քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր Ծաղկունք գյուղի վարչական ղեկավար Սասուն Մինասյանի գլխավորությամբ ճշտում են հանգամանքները։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են գառների սեփականատիրոջ կամ սեփականատերերի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նշված գյուղում գայլերի մասնակցությամբ նման աղետ է տեղի ունենում․ այս տարվա հունիսի 6-ին նույնպես գայլերի հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 300-ից ավել գառներ ու ոչխարներ սատկել էին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com, հունիսի 6-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրի բնակիչը հերթական անգամ գյուղի բնակիչներին պատկանող ոչխարներին, գառներին, այդ թվում՝ մայրացու, արոտավայր տանելու ժամանակ հայտնաբերել էր գոմում մոտ 300-ից ավելի գառների սատկած։

Մինչ գյուղի բնակիչները շոկի մեջ էին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացել այս դեպքի մասին։

Գյուղ էր ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Սևան խոշորացված համայնքի ղեկավարի հանձնարարականով ժամանել էին Սևանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ Ծաղկունքի վարչական ղեկավար Սասուն Մինասյանի գլխավորությամբ։ 

Գյուղ էր ժամանել նաև Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի Սևանի տարածաշրջանի համաճարակաբան Արշակ Էլիզբարյանը։

Տեղում Սևան խոշորացված համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից գյուղ ժամանած իր տեղակալ Սուրեն Համբարձումյանն ու Ծաղկունքի վարչական շրջանի ղեկավար Ս. Մինասյանն արդեն ձեռնամուխ էին եղել վնասի չափը պարզելու, և հիմա արդեն գյուղացիների հետ պատրաստվում էին սատկած ոչխարները առանձնացնել՝ պարզելու հստակ թիվը։

Գյուղ էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասել էին.

«Նման խոշորամասշտաբ դեպք մեր գյուղում առաջին անգամ է լինում։ Եղել են դեպքեր, երբ 10-ից մինչև 30 ոչխարներ են գելերը հոշոտել, բաց այս դեպքը, որի հետևանքով 300-ից ավելի ոչխարներ, այդ թվում մայրացու գառներ են սատկել, դեռ գյուղի պատմության մեջ չէր եղել։

Հիմա ուզում ենք խնդրանքով դիմել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, որ ինքը դիմի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որպեսզի տուժած գյուղացիներին չթողնեն միայնակ։ Վարկերով վերցրած մի կերպ պահում էին ու մեծ մասը միայն հասցնում էր վարկերը փակել։ Հիմա էկոնոմիկայի նախարարությունը եթե բարի կամք դրսևորի, հաստատ կարող է մեզ միայնակ չթողնել այս աղետի մեջ։ Սա որ աղետ է, միանշանակ է։ Ողջ գյուղով երկար ժամանակ շոկից դուրս չենք գա։ Գելերն արդեն մեր ապրուստի միջոցը րոպեների ընթացքում զրոյացրեցին։ 

Հիմա նորից դիմում ենք մարզպետին, էկոնոմիկայի նախարարին, ու ուզում ենք հավատալ, ու նախարարը երբ տարբեր գյուղացիների հետ հանդիպմանն ասում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է ասում, որ գյուղացուն պետք է թև ու թիկունք լինել, հիմա սա այն դեպքն է, որ մարզպետն ու նախարարը կարող են ապացուցել, որ վարչապետի խոսքերը լոկ խոսքեր չեն։ Մենք խնդրում ենք, որպեսզի մեզ միայնակ չթողնեն»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում ոստիկանության Սևանի բաժնի պետ Վ. Սահակյանի հանձնարարականով ոստիկանները նույնպես արձանագրել էին դեպքը և սպասում էին ճշտելու՝ քանի ոչխար և մայրացու գառներ էին սատկել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գյուղացիներին պատճառվել էր մոտ 15 մլն դրամի վնաս։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր