211652_close_icon
views-count757 դիտում article-date 15:16 17-09-2026

Ուժեղ կարկուտ՝ Լոռու մարզում․ վնասվել են 11 ավտոմեքենա, 6 տանիք, ցանքատարածքներ և ծառեր․ Սվերդլով գյուղում ծառն ընկել է բնակելի տան վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ` սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր և Լոռի Բերդ համայնքների մի շարք բնակավայրերում տեղացել է ուժեղ կարկուտ, որի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, ցանքատարածություններ և բնակելի տների տանիքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի և Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ` մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Լոռի Բերդ համայնքի Սվերդլով գյուղում, նախնական տվյալներով, ուժեղ քամու հետևանքով ծառը ընկել է բնակելի տան վրա՝ վնասելով տան թիթեղյա տանիքը և լուսամուտը։ Ծառի մի մասը հենված է գազատար խողովակին։ Գազի արտահոսք տվյալ պահին չի արձանագրվել։

Նախնական տվյալներով՝ վնասվել են 6 տանիք, 11 ավտոմեքենա, ցանքատարածքներ և ծառեր։

Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրի Պուշկինի փողոցի թիվ 100 հասցեում կարկուտի հետևանքով վնասվել են 6 քաղաքացիական և Տաշիրի ոստիկանության բաժնին ամրագրված 2 ծառայողական ավտոմեքենա։

Ահազանգեր են ստացվել նաև Ուռուտ բնակավայրից։

Վնասների վերաբերյալ տվյալները նախնական են և հետագա ուսումնասիրության արդյունքում կարող են փոփոխվել։

Լուսանկարները` Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր