211652_close_icon
views-count784 դիտում article-date 13:28 28-07-2023

Վարչապետին են ներկայացվել Գեղարքունիքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Գավառում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Նախ զեկուցվել են 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել է 430 հայտ, որից հաստատվել է 386-ը: Սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է 25 մլրդ 367 մլն դրամ, որից Կառավարության համաֆինանսավորումը կազմում է 14 մլրդ 844 մլն դրամ, համայնքային համաֆինանսավորումը՝ 10 մլրդ 462 մլն դրամ, մասնավորի համաֆինանսավորումը՝ 59,7 մլն դրամ: Սուբվենցիոն ծրագրերի արժեքը 2018 թ. կազմել է 1 մլրդ դրամ, 2019թ.՝ 4,4 մլրդ դրամ, 2020թ.՝ 4,4 մլրդ դրամ, 2021թ.՝ 5,8 մլրդ դրամ, 2022թ.՝ 9,7 մլրդ դրամ: Սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են հետևյալ ոլորտներում՝ ասֆալտապատում, լուսավորության անցկացում, ջրամատակարարման, ոռոգման համակարգերի նորոգում, փողոցների սպասարկում, գազաֆիկացում, մանկապարտեզների կառուցում/վերանորոգում, զբոսայգիների բարեկարգում և այլն:

2022 թ. միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված 34 ծրագրերի ընդհանուր արժեքն 144 ենթածրագրերով կազմել է 9 մլրդ 691 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 5 մլրդ 592 հազար դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 4 մլրդ 63 մլն դրամ, այլ ներդրողներինը՝ 35 մլն 413 հազար դրամ:

2022 թ․ ավարտվել են 148 շինաշխատանքներ: Քաղաքաշինության ոլորտից բխող միջոցառումների արդյունքում իրականացվել է սուբվենցիոն ծրագրերի 350 մշտադիտարկում, տրվել է 486 շին. թույլտվություն, եղել է 8 միկրոռեգիոնալ փաստաթուղթ, 124․8 կմ և 185․3 կմ ճանապարհների պահպանություն:

Տեղեկացվել է, որ 2023թ․ ներկայացվել է սուբվենցիոն 45 հայտ 160 ենթածրագրով, որից հաստատվել է 23-ը` 144 ենթածրագրով: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 11. 2 մլրդ դրամ, որից պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմում է 6,7 մլրդ դրամ, համայնքի համաֆինանսավորումը՝ 4,3 մլրդ դրամ, մասնավորի համաֆինանսավորումը՝ 88,9 մլն դրամ:

2018-2022թթ․ Գեղարքունիքի մարզում մի շարք ծրագրեր են իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Առողջապահության նախարարությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Քաղաքաշինության կոմիտեն: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 51 մլրդ դրամ:

2018 թվականից մինչ այժմ մարզում հիմնանորոգվել է 350 կմ ճանապարհ:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են հաշվետու տարում գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները: Ըստ այդմ՝ գյուղնշանակության հողերը մարզում կազմում է 81431,4 հա, որից 2022թ․ մշակվել է 37749 հա-ն, այդ թվում՝ հացահատիկ, կարտոֆիլ, կերային մշակաբույսեր, բանջարաբոստանային և այլ մշակաբույսեր: Արդյունքում արտադրվել է 170,974 տ համախառն բերք: 2022թ․ իրականցվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիր, ձեռք են բերվել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր և բաշխվել 10 հազար 555 շահառուի: Սուբսիդավորումը կազմել է 542 մլն 475 հազար դրամ: Կառավարության աջակցության ծրագրի շրջանակում մարզում կառուցվել է 9 խելացի անասնագոմ:

Հողաշինարարության և հողօգտագործման մասով զեկուցվել է, որ առկա 280 000 հա հողատեսքից վարձակալությամբ է տրվել 68 700 հա, որից համայնքային է 45 900 հա, իսկ պետական՝ 22 800 հա: Տարեկան վարձավճարը կազմել է 248,6 մլն դրամ: Վարձակալությամբ տրամադրված հողատեսքերն են՝ պտղատու այգիներ, վարելահողեր, խոտհարք, արոտավայրեր և այլն: Հաշվետու տարում օտարվել են 170,67 հա (193 միավոր) համայնքային հողեր, որի արդյունքում բյուջե է մուտքագրվել 177 մլն 850 հազար դրամ:

Կրթության ոլորտի հետ կապված վարչապետին ներկայացվել է, որ մարզում կա 116 դպրոց 27 հազար 551 աշակերտով, որից լավ վիճակում է գտնվում 13-ը, միջին վիճակում՝ 65-ը, անբավարար վիճակում՝ 32-ը: Զեկուցվել է, որ հաշվետու տարում իրականացվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը (267.2 մլն դրամ), 28 դպրոցների բյուջեների տնտեսված միջոցների հաշվին ձեռք է բերվել գույք և իրականացվել շինարարություն (79.6 մլն դրամ), անհետաձգելի ծրագրերով հանրակրթական դպրոցների գույք և սարքավորումներ են ձեռք բերվել (171.7 մլն դրամ): Պատասխանատուները նաև ներկայացրել են, որ 2022-2023 ուսումնական տարում 2503 ուսուցչից հերթական ատեստավորում անցել է 1582-ը, կամավոր ատեստավորում անցել է 80-ը, տարակարգ ունի 37 ուսուցիչ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կտրուկ աճել է` գերազանցելով 400 հազար դրամը:

Ներկայումս մարզում Քաղաքաշինության կոմիտեի կողմից կառուցվում է 4 դպրոց և 1 մանկապարտեզ: Եվս երկու դպրոց կառուցվում է ՏԿԵՆ-ի կողմից: Մինչ 2025 թվականը մարզում նախատեսվում է կառուցվել 26 դպրոց:

Խորհրդակցության ժամանակ Կառավարության ղեկավարին նաև տեղեկություններ են տրամադրվել մարզում գործող նախակրթարանների և մանկապարտեզների մասին: Ըստ այդմ՝ մարզում գործում է 52 մանկարպարտեզ, որն ունի 3 հազար 732 սան և 53 նախակրթարան` 1129 սանով: 2023 թվականի սեպտեմբերից կգործի 8 նախակրթարան, որը կունենա 200 սան: 2022 թ. մարզում կառուցվել է 5 մանկապարտեզ, հիմնանորոգվել 10-ը, վերանորոգվել 3-ը, նախատեսվում է մինչև 2026 թ. ևս 22-ում իրականացնել շինարարական աշխատանքներ:

Խորհրդակցությանը վարչապետին ներկայացվել են առողջապահության ոլորտի առկա վիճակն ու կատարված աշխատանքները, ըստ որի` վերկառուցվել է Մարտունու ԲԿ, լավ վիճակում է գտնվում Մարտունու ծննդատունը, Ճամբարակի ԱԿ-ն, Գավառի ԲԿ-ն և Սևանի ԲԿ-ն, իսկ Վարդենիսի ԲԿ-ն գտնվում է վատ վիճակում: Պատասխանատուները ներկայացրել են առողջապահական հիմնարկների 2021-2022 թթ. բյուջեի համեմատականը, ըստ որի` պետական պատվերը 2021 թ. համեմատ 2022թ. աճել է 2,7 տոկոսով, իսկ վճարովի ծառայությունները՝ 19,1 տոկոսով: Առողջապահական հիմնարկների պլանավորված բյուջեն եղել է 3,9 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 4,5 մլրդ դրամ, այսինքն՝ գրանցվել է 13 տոկոս աճ: Զեկույցի համաձայն, հաշվետու տարում առողջապահական հիմնարկներում սեփական և պետական միջոցներով իրականացվել են շինարարական աշխատանքներ, ձեռք են բերվել գույք և սարքավորումներ: Առողջապահական համակարգի բարեփոխումների շրջանակում վերակազմակերպվել են մի շարք հիմնարկներ, 5 առողջապահական հիմնարկներում մատուցվել են 15 նոր բժշկական ծառայություններ, ձեռք են բերվել 18 բժշկական սարքավորումներ:

Այնուհետև վարչապետին ներկայացվել են տեղեկան ինքնակառավարման ոլորտում կատարված փոփոխությունները: Այդ կապակցությամբ ներկայացվել է, որ նախկինում 92 համայնքի պարագայում համայնքապետարանների աշխատակիցների թիվը կազմել է 1141: Այժմ 5 համայնքի պարագայում համայնքապետարանների աշխատակիցների թիվը կազմում է 735:

Կառավարության ղեկավարին է ներկայացվել համայնքների 2021-2022թթ. բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը:

Զեկուցվել է նաև մարզում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակների մասին, ըստ որի` ՔՍԳ-ներ գործում են 5 համայնքներում և սպասարկում քաղաքաշինության, հողաշինության ու հողօգտագործման, իրավական, սոցիալական, առողջապահական, կրթական, ֆինանսական, հարկային և տեղեկատվական ոլորտներում:

Սպորտի բնագավառում 2022 թ. Գեղարքունիքի մարզում անցկացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի գավաթը՝ սիրողական խճուղային հեծանվավազք՝ 14 մասնակից, սիրողական լող՝ 7 մասնակից, դպրոցական թիմային խճուղավազք՝ 119 մասնակից, խճուղավազք՝ 72 մասնակից, սիրողական սեղանի թենիս՝ 148 մասնակից: Մասսայական սպորտի բնագավառում համայնքների միջև կազմակերպվել է «Մարզպետի գավաթ» շախմատի և վոլեյբոլի առաջնությունը:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել Կառավարության աջակցությամբ ինտենսիվ այգիների հիմնման, խելացի անասնագոմերի կառուցման և գյուղատնտեսական այլ ծրագրերի ընդլայնման, գյուղացիական տնտեսություններին դրանք ներկայացնելու, ինչպես նաև ճանապարհաշինության, Սևանա լճից անօրինական ձկնորսության դեմ պայքարի վերաբերյալ: «Մեզ պետք է մտածողության փոփոխություն բոլոր ոլորտներում, պետք է կենտրոնանանք զարգացման ծրագրերի վրա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր