211652_close_icon
views-count116458 դիտում article-date 10:57 11-07-2023

Դիմակավորված, զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են հայտնի ոսկու առևտրով զբաղվողի տունը․ նրանից հափշտակել են մոտ 80 հազար դոլարի գումար, ոսկյա զարդեր, ապա նրա Toyota-ով դիմել փախուստի․ ժամանել է Երևանի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 11-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Տիտովի փողոցի տներից մեկի բնակչից, ով հայտնել է, որ հուլիսի 10-ին, ժամը 23։00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ մտել են իր տուն, իրեն և իր կնոջը կապկպել են, ապա գողացել տանը եղած գումարն ու ոսկյա զարդեր։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը և Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Դանիելյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավագյանի և քննիչ Միքայելյանի գլխավորությամբ։ 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև վարչական շրջանի դատախազ Խաչատրյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դիմակավորված անձինք զենքի ցուցադրմամբ և սպառնալիքների տակ նշված տան բնակիչներ՝ ամուսիններ Հարություն Ա․-ից և Էմմա Գ․-ից հափշտակել են մոտ 13 հազար դոլար, 8 հազար եվրո, 1300 վրացական լարի և 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր։ Եվ իրենց ավարը վերցնելուց հետո տան տիրոջ՝ Հարություն Ա․-ին պատկանող Toyota Land Cruiser-ով դիմել են փախուստի։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Տեղում հայտարարվում է ավտոմեքենայի հետախուզում։ Եվ րոպեների ընթացքում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի և գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, առևանգված Toyota-ն դռները փակված, կայանված վիճակում հայտնաբերում են Գարեգին Նժդեհի հրապարակում։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Ում տուն որ մտել ու դիմակավորված ռազբոյ են արել, Երևանում հայտնի ոսկու գործ անողներից է։ Նախկինում մի անգամ էլի ռազբոյ էին արել։ Երևի՝ տեղն արել են»։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 164+
164+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր