211652_close_icon
views-count48963 դիտում article-date 16:35 26-06-2023

Ավտովթար-հրդեհ Գեղարքունիքի մարզում․ Opel Zafira-ն 5 մետր բարձրությունից ընկել և բռնկվել է․ կան վիրավորներ․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 55 կմ հատվածում, Փամբակ բնակավայրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ 2 հոգի էլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Արմեն Նաջարյանն ու պարեկ Ռաֆիկ Մկրտչյանը։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարզվել է, որ ավտովթար-հրդեհը տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկների հսկողության տակ գտնվող տարածքում, ինչի համար էլ ժամանել են նշված վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանն ու դասակի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։ 

Տեղում նաև ուժեղացված ծառայություն է կատարել նույն դասակի կրտսեր պարեկ Խաչիկ Պետրոսյանը։ 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+

Նմանատիպ նյութեր