211652_close_icon
views-count127754 դիտում article-date 17:31 23-06-2023

Պարզվել է Ջերմուկում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 16-ամյա տղայի ինքնությունը․ վարորդն ու ուղևորը, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց, 15 տարեկան են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հունիսի 21-ին Ջերմուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel Astra-ն վարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ 15-ամյա Ալբերտ Տ․-ն։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Ջերմուկ քաղաքի բնակիչ 16-ամյա Գագիկ Բ․-ն տեղում մահացել էր։ Իսկ վարորդ Ալբերտ Տ․-ն և մյուս ուղևոր Ջերմուկ քաղաքի բնակիչ 15-ամյա Արմեն Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ժամը 17:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում՝ Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում՝ կիսակողաշրջված բախվել ծառին:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Վայքի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 60 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը:

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Արմեն Արմենակյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 248+
248+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր