211652_close_icon
views-count166288 դիտում article-date 19:20 21-06-2023

Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում. Ջերմուկ քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ Opel Astra-ն տապալել է երկաթե էլեկտրասյունը, մի քանի պտույտ գլորվելով բախվել ծառին. կա 1 զոհ, 2 վիրավոր. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ժամը 17:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում՝ Սուրբ Գայանե եկեղեցու հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում՝ կիսակողաշրջված բախվել ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Վայքի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 60 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը:

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Արմեն Արմենակյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 248+
248+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր