211652_close_icon
views-count1378 դիտում article-date 15:11 05-06-2023

Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը. «Հետք»

«Հետք». Երևանի «Հաղթանակ» զբոսայգու շուրջ քրեական և իրավական պատմությունները դեռ չավարտված` կոռուպցիոն մի նոր պատմություն է հայտ գալիս։ Զբոսայգում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի տարածքը պետությանը վերադարձնելու գործը դեռ չի հանգուցալուծվել, «Հետք»-ը պարզել է, որ զբոսայգու ևս մեկ տարածք է սեփականաշնորհվել։

Հայաստանի օրենսդրությամբ արգելվում է անտառների, այգիների, մանկապարտեզները սեփականաշնորհումը, դրանք վաճառքի ենթակա չեն։ Բայց դա չի խանգարել Երևանի նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանին և Ռոբերտ Նազարյանին «Հաղթանակ» զբոսայգու՝ «Մայր Հայաստան» արձանի արևելյան մասից 6900 քմ հողամաս օտարեն ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ փոխկապակցված անձին։

Տարիներ անց այդ հողամասի կողքին 2000 քմ հող է գնել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին։ Նախորդ տարի երկու հողամասն էլ գնել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Գրիգորյանը և ցանկանում է կառուցապատել։

Զբոսայգու մշտական այցելուները, որոնք բնակվում են մոտակայքում, 2022 թ․-ի մարտ ամսին այգու մեջ նոր ցանկապատ տեսան՝ վրան կողմնակի անձանց մուտքն արգելող ցուցանակ․ «Սեփական տարածք։ Մուտքն արգելվում է»։

Կադաստրի կոմիտեից պարզեցինք, որ տարածքում երկու գույք կա, որոնք սեփականության իրավունքով պատկանում են «Ռիդ» ՍՊԸ-ին։ Հողամասերից մեկը 2000 քմ է, մյուսը՝ 6900 քմ։ ՍՊԸ-ի տնօրենը դիմել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին՝ հայտնելով, որ «հողամասերը վերածվել են շինարարական աղբավայրի, ինչը կարող է հանդիսանալ բնակչության բողոքի առարկա» և խնդրել է թույլ տալ հողամասերը ցանկապատել։ Վարչական շրջանի աշխատակազմը տվել է թույլտվությունը։ Կառուցապատում իրականացնող, 3.7 միլիարդ դրամ կանոնադրական կապիտալով «Ռիդ» ՍՊԸ-ն պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանին։

Զբոսայգու վարձակալ, ապա սեփականատեր Վարազդատ Պետրոսյանը 2011 թ.-ին վաճառքի պայմանագրով հողամասը փոխանցել է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի կնոջը՝ Իրինա Պետրոսյանին։ 27 տարի իրավապահ համակարգում աշխատած Կառլոս Պետրոսյանը 1999-2005 թթ. զբաղեցրել է նախ՝ Ազգային անվտանգության նախարարի, ապա՝ նույնանուն ծառայության տնօրենի պաշտոնը։ Հենց այդ ժամանակահատվածում էլ «Հաղթանակ» զբոսայգու մի մասը սեփականաշնորհվել է, ապա փոխանցվել նրա ընտանիքի անդամին։

Հողամասի սեփականատեր Իրինա Պետրոսյանը այն ձեռք բերելուց 8 տարի անց վաճառել է գործարար Ռուբեն Զոլակի Գրիգորյանին։ Գրիգորյանն էլ հողամասը ներդրել է իրեն պատկանող «Ռիդ» ՍՊԸ-ի կապիտալում։

Տեսանյութը՝ Hetq.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր