211652_close_icon
views-count1162 դիտում article-date 22:09 03-06-2023

Չարենցն ու Տերյանը` «Իմ» մատենաշարում

Նախորդ շաբաթ Երևանը գրքասերների համար կազմակերպել էր տարվա ամենասպասված փառատոններից մեկը. հանդիպումներ գրականագետների, փիլիսոփաների, Հայաստանի և արտերկրի անվանի գրողների հետ, մի շարք գրքերի շնորհանդեսներ տարբեր հրատարակչություններից։

Այս ամենը մի քանի օրով կտրեց առօրյա հոգսերից` բոլոր հետաքրքրվածներին հրավիրելով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ տեղի էին ունենում բոլոր միջոցառումները։

Գրքերի երևանյան միջազգային փառատոնը հուշագրավ էր իր գրքառատ մթնոլորտով. բոլորը մեծ եռանդով գնում էին գրքեր` նորը բացահայտելու և ավելի «գրքագիտակ» դառնալու համար։

Շնորհանդեսների շարքում էր «Իմ» մատենաշարի շնորհանդեսը, որտեղ բանախոսներ Դավիթ Մոսինյանը (փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ) և Անի Եղիազարյանը (բանասիրական գիտությունների թեկնածու), ներկաներին բացահայտեցին մատենաշարի «գլխավոր հերոսներին». նրանք բոլորիս կողմից ճանաչված անվանի բանաստեղծներ Եղիշե Չարենցն ու Վահան Տերյանն էին։



«Իմ Տերյանը» և «Իմ Չարենցը» փոքրիկ ժողովածուների մեջ ընդգրկված են նրանց հեղինակային բանաստեղծությունները. «Այստեղ գրված են ոչ թե մեկնաբանություններ, այլ ընտրություններ են բանաստեղծություններից։ Սրանք հավակնություններ չեն որևէ կերպ սրբագրելու բանաստեղծին, այլ ցուցառումներ են, թե ինչ հեռանկարներ կան նրանց մեջ և ինչ հանդիպումներ է եղել բանաստեղծի ու պոեզիայի մեջ»,- նշեց Դավիթ Մոսինյանը։



Ինչպես նշում են բանախոսները, առանցքում սակայն Թումանյանն է։ Նրա ներկայությունը գաղտնագրային է` որպես հսկող աչք պոետական աշխարհի, որն ամեն ակնթարթ կարող է «իմ»-ը փոխել «մեր»-ի։

Երկու գրքերը կազմող Անի Եղիազարյանն իր ելույթում ասաց, որ Տերյանի շարքի ստեղծման ընթացքում ոչ թե լիրիկական Տերյանն էր, այլ անձնական, ողբերգական ապրումների մարդը, որն իր հոգու ներսում ստեղծում էր անձնական սիրո կենսապրումը։



Իսկ Չարենցի գրքի վերաբերյալ նա տալիս է հետևյալ մեկնաբանությունը. «Ստեղծագործությունները հավաքելիս առանցքայինը եղել է «ես»-ը։ Սկզբում իր ես-ի ներկայացումն է, ապա շարքում անցնում է ինքնորոնման ուղին։ Ընտրության ժամանակ չեն ընտրվել, օրինակ, ամենահայտնիները, առանցքայինները, այլ արվել է անյպես, որ շարքում, սյուժետային ընդհանուր գծի մեջ ունենա իր օղակը, որը կլրացնի ամբողջականությունը. սա է եղել հիմնական գաղափարը»:



Երկու գրքերն էլ կարող են հարմար տեղավորվել գրպանում, ինչը մտածված է եղել։ Շատերի մոտ հարց է առաջանում. իսկ ո՞րն է դրդապատճառը։ Բանախոսները ժպիտով ընգծեցին, որ գրպանում հարմար տեղավորված ժողովածուները, ավելի մոտ գտնվելով ընթերցողին, կստեղծեն այն կախարդական կապվածությունը ընթերցողի և պոեզիայի միջև։

Հեղինե Մխիթարյան

Նմանատիպ նյութեր