211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում. բախվել են «Toyota»-ն ու «Infinity»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. պարեկներն ու քննիչները ունեն կասկածներ, որ վարորդներից մեկին փոխել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count8365 դիտում article-date 21:08 09-05-2025
Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «Հոկտեմբերյանի Նովոյի» գազալցակայանի դիմաց, բախվել են «Infinity» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Բախման հետևանքով «Infinity»-ն գլխիվայր շրջվել է, իսկ «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատից կոտրել ծառն ու բախվել քարե պարսպին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Infinity-ն եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, իսկ վարորդը եղել է Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Գոռ Սարգսյանը, ով, ինչպես նաև Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Նվեր Մելքումյանը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ն. Մելքումյանը հայտնել է, որ ինքը ուղևորն է, ու հիվանդանոց է ժամանել Արցախի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Արտյոմ Հայրիյանը և հայտնել է, որ «Toyota»-ն ինքն է վարել։ Սակայն պարեկների մոտ կան կասկածներ, որ նրա հայտնածը իրականության հետ կապ չունի։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «Toyota»-ի վարորդի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր