211652_close_icon

Առեղծվածային դեպք՝ Երևանում. պարեկների, ապա փրկարարների ու բժիշկների շնորհիվ Սարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count10657 դիտում article-date 10:32 10-05-2025
Այսօր՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ Սարալանջի փողոցում ծառայություն կատարելիս Սարալանջի 1 հասցում՝ քարերի և երկաթե խողովակների մոտ մարդու ոտքեր են նկատում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Գ. Եփրեմյանը և պարեկներ Ավետիք Պետրոսյանը, Վահե Հարությունյանն ու Վարդան Նիկոլյանը մագլցում են դեպի այդ հատված, որտեղ էլ հայտնաբերում են անօգնական վիճակում գտնվող քաղաքացու: 

Տեղում պարեկները ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ու մինչ դեպքի վայր կժամանեին շտապօգնության բժիշկներն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 4-րդ փրկարարական ջոկատի հատուկ փրկարարները, պարեկները իրենց ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերում վիրավորին, ապա ժամանած փրկարարները պարեկների հետ հատուկ ճոպաններով վիրավորին պատգարակով մոտեցնում են շտապօգնության ավտոմեքենային: 
 
Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնութուն են ցուցաբերում, ապա տեղափոխում Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Էդուարդ Վ.-ն է:
 
Թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել այդ վիճակում, դեպքի վայր ժամանած ոտիկանության համայնքային ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզում են: 

Բժիշկները նշում էին, որ եթե մի փոքր ուշ նկատած լինեին նրան, ապա հնարավոր էր՝ արևից ուշագնաց լիներ, ինչը նաև կարող էր ծանր հետևանքներ ունենալ նրա համար: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր