211652_close_icon
views-count2647 դիտում article-date 20:42 03-06-2023

Պատերից ներս աճած ծառերը. Արամ Մանուկյանի տունը դեռ կիսաքանդ վիճակում է....

Պետական և հասարակական գործիչ, ներքին գործերի նախարար, ՀՅԴ կուսակցության անդամ Արամ Մանուկյանը հայոց նորագույն պետականության համար այն հիմնասյուն գործիչներից է եղել, որը ձեռնամուխ եղավ պետականաշինության բարդ գործին` որոշակի հիմքեր դնելով Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման համար։



Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Ռուսական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։

Այս ծանր իրադրությունն Արամին չհուսազրկեց. ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ Արամը կտրուկ միջոցներ ձեռնարկեց իրադրությունը կայունացնելու համար:

Ու թեև այս տարի մայսի 28-ին լրացավ Հանրապետության 105-րդ տարելիցը, կառավարությունը մինչ օրս Արամ Մանուկյանի կիսաքանդ տան համար ոչինչ չի ձեռնարկել, որ իր սահմանը չի անցել թղթից այն կողմ։



Ահա այսպիսին է Արամի 9 հասցեում գտնվող Արամ Մանուկյանի տունը, որտեղ նա ապրել է 1917-1919 թվականներին, այստեղ ձեռնարկել բազում հանդիպումներ պետության շենացման համար։ Սակայն այսօր այստեղ դիմավորում են ոչ թե խոստացված վերակառուցված տուն-թանգարանի դռները, այլև շենքի ներսում աճած ծառերը, տարածքի աղբն ու ներկված պաստառներն ու պատերը։

Բանն այն է, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքին ու ՀՀ կառավարության 2002թ. Ապրիլի 20-ի հ.438 որոշմանը համապատասխան՝ վերակառուցման աշխատանքները մինչ օրս տեսանելի չեն, իսկ ներկայիս իշխանությունը, որը ընդդիմություն լինելով հիշեցնում էր այս ու նման պատմամշակութային կառույցների վտանգի տակ դրված լինելու փաստի մասին, իշխանության գալով էլ դեռ սպասեցնում է հասարակությանը խոստումներով։

Շենքը հանրապետական նշանակության հուշարձան է և ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Դրա վերակառուցումը ներառված է «Հին Երևան» ծրագրում։ Այս շինության սեփականատերն ու ներդրողը 2015 թվականից ի վեր շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշն է, որը համաձայնության եկավ ամերիկահայ բարերարների հետ, որպեսզի նրանց ֆինանսավորմամբ վերակառուցվի շենքը և դառնա տուն-թանգարան։



Սակայն, ինչպես իր հարցազրույցներից մեկում նշում է «Հին Երևան» ծրագրի ճարտարապետ Լևոն Վարդանյանը, դրան խանգարեց 2020 թվականի համավարակը, որը անժամկետ հետաձգեց աշխատանքները։

Արամ Մանուկյանը մեծարանքի արժանի գործիչ է, որի հանդեպ նման վերաբերմունքն ու անտարբերությունը կարող է հանգեցնել ազգային արժեքների և մշակութային ժառանգության դանդաղ ոչնչացման քաղաքականությանը...

Հեղինե Մխիթարյան

Նմանատիպ նյութեր