211652_close_icon
views-count730 դիտում article-date 17:48 31-05-2023

Մակրոնը Զելենսկիին հրավիրել է Փարիզում Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողով անցկացնել. WSJ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Փարիզում խաղաղության գագաթնաժողով անցկացնել։ Նմանատիպ առաջարկ են ներկայացրել նաև Դանիան և Շվեդիան։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։

Ռուսաստանը չի մասնակցի գագաթնաժողովին: Ըստ թերթի աղբյուրների՝ դեռ 2023 թվականի փետրվարին Վլադիմիր Զելենսկին ֆրանսիացի գործընկերոջը խնդրել է օգնել միջազգային հարաբերությունների հաստատմանը, այդ թվում՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։

Հարցի քննարկումը հանգեցրել է Ֆրանսիայի մայրաքաղաքում գագաթնաժողով հրավիրելու գաղափարին, գրում է WSJ-ը։

Ըստ թերթի՝ գագաթնաժողովի մասնակիցների ցուցակը որոշված չէ։ Եվրոպացի պաշտոնյաները, գրում է WSJ-ը, մտադիր են միջոցառմանը ներգրավել Բրազիլիային, Հնդկաստանին, Չինաստանին, Սաուդյան Արաբիային։ Բացի այդ, ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՆԱՏՕ-ի առաջատար երկրների այլ առաջնորդներ։ Համաժողովը նախատեսվում է կազմակերպել մինչև հուլիսին կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի տարեկան գագաթնաժողովը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն այսօր ասել է, որ դաշնակիցների հետ միասին ծրագրվում է անցկացնել խաղաղ գագաթնաժողով՝ առանց Ռուսաստանի մասնակցության։

Նմանատիպ նյութեր