211652_close_icon
views-count1216 դիտում article-date 21:43 27-05-2023

Գազի բալոնի պայթյունից Ստեփանակերտում փլուզվել է ավտոտնակի պատը․ փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին

Մայիսի 27-ին ժամը 14:31-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ա. Առաքելյան 1 հասցեում գտնվող ավտոտնակում պայթյուն է եղել: Հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Դեպքի հանգամանքները պարզելու և փրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով, պայթյունի վայր են մեկնել ՆԳՆ ԱԻՊԾ  հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ,  ինչպես նաև Քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության աշխատակիցները, շտապ բժշկական օգնության բժիշկների խումբը։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, փլատակների տակից փրկարարները հայտնաբերել են մայրաքաղաքի Ա. Առաքելյան 1 շենքի բնակիչ Ա. Գ.-ի դին և տեղափոխել «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ:

Փրկարարները հատուկ տեխնիկական ու ձեռքի միջոցներով  իրականացրել են շինության թուլացած և կախված կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ: 

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև ավտոտնակի ներսում և մոտակա տարածքում գտնվող «VAZ 21-06» և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենաները։
Ստուգմամբ զբաղվում է ՆԳՆ ոստիկանությունը։

Նմանատիպ նյութեր