211652_close_icon
views-count1759 դիտում article-date 17:56 13-05-2023

Քաղաքացին «կլինիկական մահ» ախտորոշմամբ անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց․ ԲԿ պարզաբանումը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն արձագանքել է քաղաքացու վերակենդանացման մասին լուրին և հայտարարություն է տարածել․

«Ի պատասխան «Առեղծվածային դեպք Երևանում. Դատաբժիշկն արձանագրել է տղամարդու մահը, դին տեղափոխվել է դիահերձարան, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բժիշկներն էլ վերակենդանացրել են նրան» վերտառությամբ հոդվածի` հայտնում ենք, որ մայիսի 12-ին, ժամը 15:40-ի սահմաններում, Երևանի խնամքի կենտրոններից մեկից շտապ օգնությունը «կլինիկական մահ» նախնական ախտորոշմամբ, անմիջապես «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարան է բերել մի քաղաքացու։

Մեր կլինիկայում կատարվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներն` ընդլայնված ծավալով, գրագետ աշխատանքի արդյունքում հաջողվել է վերականգնել բուժառուի կարևոր կենսական ցուցանիշները։ Նա հոսպիտալացվել է ինտենսիվ խնամքի բաժանմունքում»,-ասված է ԲԿ հայտարարության մեջ։

Ավելի վաղ Shamshyan.comհայտնել էր, որ մայիսի 12-ին առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. 1-03 շտապօգնության 54 խումբը Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող խնամքի կենտրոններից մեկից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել մի տղամարդու:

 Գ. Շամշյանը հայտնել էր, որ խնամքի կենտրոնից տղամարդու մահվան մասին տեղեկությունը փոխանցել են նրա հարազատներին, ու մինչ հարազատները կգնային հիվանդանոց, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները հիվանդանոցի դիահերձարանից տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, և բժիշկների ցուցաբերած բուժօգնության արդյունքում «դիակը» վերակենդանացել է, և բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Նմանատիպ նյութեր