211652_close_icon

Մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

views-count1009 դիտում article-date 21:53 28-04-2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

2023 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
Ճարտարագիտական գիտություններ,
Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում` կենսաբանական գիտություններ),
Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաև` ռազմական գիտություններ),
Մանկավարժական գիտություններ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Հայտերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի (կցվում է)՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 599-642:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամի չափով:

Մրցութային հանձնաժողովն առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կապահովեն.

նորարար և կիրառական նշանակություն,
ներկայացված գաղափարի շարունակականություն,
հանրային մասնակցության բաղադրիչ,
միջգիտակարգային լուծումներ:

Նմանատիպ նյութեր