211652_close_icon
views-count577 դիտում article-date 11:15 24-04-2023

Այս պահին ԱՄՆ կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկան, թե ինչ կանենք ապագայում, ես չեմ կարող մեկնաբանել. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջին անցակետի տեղակայումը խաթարում է գործընթացը,  վերահաստատեց ԱՄՆ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ասաց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայման կապակցությամբ ԱՄՆ-ն երեկ մտահոգություն է հայտնել, քանի որ դա խաթարում է գործընթացը: Այս պահին մենք ցանկանում ենք, որ կողմերի միջև լինեն բանակցություններ, և խաղաղության գործընթացին մենք պատրաստ ենք աջակցել»,-ասաց դեսպանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք սա չի՞ վնասում խաղաղության գործընթացին՝ Քրիստինա Քվինն ասաց. «Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը»:

Նա վերահաստատեց՝ ԱՄՆ-ն փորձում է առաջ շարժվել, ջանքեր գործադրել՝ խաղաղության գործընթացն առաջ տանելու ուղղությամբ:

Անդրադառնալով որպես զսպող միջոց՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր կիրառմանը՝ դեսպանը նկատեց, որ այս պահին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ԱՄՆ-ն ինչ կանի ապագայում, այդ մասին չի կարող որևէ մեկնաբանություն տալ:

Նմանատիպ նյութեր