211652_close_icon
views-count1111 դիտում article-date 13:51 13-04-2023

ԶՊՄԿ-ի աշխատակցի սպանությունը ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունենք. Գոռ Աբրահամյան

ԶՊՄԿ-ի աշխատակցի սպանությունը ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունենք: Ֆեյսբուքի իր էջում գրել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Քանի որ լրագրող-գործընկերները շատ են հարցնում այն մասին, որ ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածն է, իբրև թե, քննվում, այս պահին ուղղակի արձանագրում եմ, որ քրեական վարույթի շրջանակներում անհրաժեշտ բոլոր միջոցները, օպերատիվ հետախուզական միջոցառումները ձեռնարկվում են հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։ Բայց այս պահին հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունենք:

Եթե ենթադրություններից դուրս ոմանք կարող են իրենց հայտնի, որոշակիություն ունեցող տվյալներ ունենալ հանցագործությունն ընդհանրապես կատարողների վերաբերյալ, ապա կարող են ու պարտավոր են հայտնել վարույթն իրականացնող մարմնին։

Քիչ անց ՀՀ ՔԿ-ն հակիրճ հաղորդագրություն կհրապարակի վարույթի մասին»,- գրել է Աբրահամյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է  տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 18:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ Բանավանի տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը, ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը, Սյունիքի մարզի դատախազ Պողոսյանը և Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Մարգարյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, նշված գործարանում որպես պահնորդ աշխատող 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային  6 վնասվածք, այդ թվում՝ գլխի և որովայնի հատվածում: 

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր