211652_close_icon
views-count73829 դիտում article-date 00:01 13-04-2023

Հրազենի գործադրմամբ սպանություն Սյունիքի մարզում. 57-ամյա պահնորդի մարմնի վրա հայտնաբերվել է հրազենից արձակված կրակոցի 6 հետք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է  տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 18:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ Բանավանի տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը, ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը, Սյունիքի մարզի դատախազ Պողոսյանը և Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Մարգարյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, նշված գործարանում որպես պահնորդ աշխատող 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային  6 վնասվածք, այդ թվում՝ գլխի և որովայնի հատվածում: 

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր