211652_close_icon
views-count1666 դիտում article-date 22:29 07-04-2023

«Լեռնային Արցախն» ու «Գանձասարը» չեն ստացել ազգային արտոնագիր. ՀՖՖ

Կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի հերթական նիստը: Քննության էին դրվել Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 թթ. մրցաշրջանի մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Շիրակ», «Լեռնային Արցախ» և ՀՀ Առաջին խմբի 2022/2023 թթ. առաջնությունում հանդես եկող 2 ակումբների՝ «Գանձասար» և «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը մեկնարկող Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2023/2024 թթ. մրցաշրջանին:

Արտոնագրման կոմիտեն կայացրել է միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր շնորհվել են թեկնածու ակումբներից 9-ին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Վան ՖԱ», «Ուրարտու ՖԱ», «Արարատ ՖԱ», «Նոա ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ» «Շիրակ ՖԱ» և «ՖԱ Վեստ Արմենիա»:

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն 6 կողմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ որոշել է մերժել «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի Ազգային արտոնագիրն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի  Հոդված 17-ի և Հոդված 39-ի պահանջները։

Կոմիտեն նաև 5 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ որոշել է մերժել «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի Ազգային արտոնագիրն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի   Հոդված 17-ով և Հոդված 39-ով սահմանված պահանջները:

«Գանձասար ՖԱ» ՀԿ-ի և «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրման դիմումի մերժման արդյունքում վերոնշյալ ակումբների առաջին թիմերը հնարավորություն չեն ունենա մասնակցել Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2023/2024 թթ. մրցաշրջանին: Ակումբներն իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի  կայացրած որոշումը աշխատանքային 5 օրվա ընթացքում:  Այս մասին ասված է ՀՖՖ-ի պաշտոնական կայքում:

 

Նմանատիպ նյութեր