211652_close_icon
views-count5320 դիտում article-date 18:20 03-12-2016

ՀՀ փաստաբանական դպրոցի 50 շրջանավարտ դեկտեմբերի 3-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր

«Հանդիսավոր երդվում եմ ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով »,- Պալատի խորհրդի առջև այսպես հանդիսավոր երդում են տվել ապագա փաստաբանները:  Երդմանը հաջորդել է Խորհրդի կողմից հավակնորդների դիմումների միաձայն բավարարումը և արտոնագրերի տրամադրումը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին, նշել է որ այսօրվանից նրանց արդեն դե յուրե կարող են դիմել որպես փաստաբան -գործընկերների. «Այն , ինչ հաջողվել է փաստաբանների բոլոր սերունդներին և ամրագրվել է որպես համայնքի ձեռքբերում, այսօրվանից նաև ձեզ է պատկանում: Զարգացրեք համայնքի բարի ավանդույթները և պայքարեք մեր համայնքում տեղ գտած բացասական երևույթերի դեմ: Այսօր կարելի է բարձրաձայն արձանագրել նաև, որ Փաստաբանական դպրոցով անցած փաստաբանները լավ են գիտակցում կոռուպցիայի դեմ համայնքային և անհատական պայքարի դերն ու նշանակությունը»: Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին և աշխատակազմին, փաստաբանական դպրոցի խորհրդի անդամներին` Նիկոլայ Հակոբյանին, Լեռնիկ Հովհաննիսյանին, Հերիքնազ Տիգրանյանին, Լյուդվիկ Դավթյանին, Արտակ Ասատրյանին, փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամներին` Սեդրակ Ասատրյանին, Հունան Տեր-Վարդանյանին , Քրիստինա Սարդարյանին, Մանե Կարապետյանին, Գառնիկ Սաֆարյանին և Ելիզավետա Դանիելյանին , փաստաբանների պալատի աշխատակազմին, որոնց ջանքերով կազմակարպվել և անց են կացվել ուսումնառությունը և որակավորման քննությունները: Նա նաև հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոսական կազմին:  Պալատի նախագահը ապագա փաստաբաններին մաղթել է բարի երթ և հաջողություն հետագա ձեռնարկումներում:  Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ Դպրոցն իր մասնագիտական պատրաստվածությամբ չի զիջում աշխարհում գործող համանման դպրոցներին. «Մեր դպրոցում պետք է կատարելագործվի պրակտիկ ուսուցումը: Մենք գնում ենք առաջ ու ստանում ենք այն արդյունքը, որն այսօր ունենք: Հույս ունենք, որ մենք՝ արդեն որպես գործընկերներ, առիթ կունենանք համագործակցելու»,-եզրափակել է նա: Խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը շնորհավորական խոսքում կարևորել է փաստաբանի կայացման և մրցակցության մեջ դիմագրավելու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ վստահությունը փաստաբանի հանդեպ ձեռք է բերվում նրա աշխատանքի և տարիների փորձի արդյունքում: Շնորհակալական խոսքով հանդես են եկել շրջանավարտներ Էդգար Հակոբյանը, Մարինե Միրիջանյանը և Նշան Մաթևոսյանը: Անդրադառնալով Դպրոցից ստացած գիտելիքների կարևորությանը և փաստաբան դառնալու վաղեմի ցանկությանը՝ երիտասարդները շեշտել են հատկապես պրակտիկ աշխատանքի դերը, ինչը Դպրոցը ընձեռել է ուսումնառության ընթացքում: Նշան Մաթևոսյանն ընդգծել է. « Փաստաբան ասելիս պետք է պատկերացնել խելացի, բազմակողմանի զարգացած, հզոր տրամաբանություն և վերլուծական ուժեղ հմտություններ ունեցող անձնավորության, ով հարգում է արդարությունը, շահերի պաշտպանության հավասար պայմանները, տիրապետում է սահուն և հռետորական մտքեր արտահայտելուն, գործում է Սահմանադրությամբ և օրենքներով և շահագրգռված է իր վստահորդի իրավունքները բարձր մակարդակի պաշտպանությամբ»։ Հիշեցնենք, որ արտոնագրեր ստացել են փաստաբանի այն հավակնորդները, ովքեր հաղթահարել են որակավորման քննությունների նվազագույն շեմը: Հայաստանի Հանրապետությունում այսօր գործունեություն է իրականացնում 1730 փաստաբան: ՀՀ ՓՊ մամուլի կենտրոն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր