211652_close_icon
views-count1328 դիտում article-date 16:08 22-12-2014

49 հավակնորդ ստացել է փաստաբանի արտոնագիր

ՀՀ փաստաբանական դպրոցի 49 շրջանավարտներ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից ստացել են փաստաբանի գործունեության արտոնագրեր: Տեղի է ունեցել Հայաստանի փաստաբանների պալատի արտագնա խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է փաստաբանի հավակնորդներին արտոնագրեր տրամադրելու դիմումների քննարկման հարցը: Խորհուրդը որոշել է բավարարել հավակնորդների դիմումները և տրամադրել նրանց արտոնագրերը պալատի խորհրդի առջև երդում տալուց հետո: Արտոնագրեր ստացել են փաստաբանի այն հավակնորդները, ովքեր հաղթահարել են որակավորման քննությունների նվազագույն շեմը: ՙՀանդիսավոր երդվում եմ ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով՚: Հավակնորդներին փաստաբանի այս երդում տալուց հետո հանձնվել է նրանց արտոնագրերն ու փաստաբանի վկայականները: Արա Զոհրաբյանը ողջունելով նորընծա փաստաբաններին՝ փոխանցել է ավանդական խորհուրդներ: ՙԱմենակարևոր խորհուրդը այն է, որ փաստաբանները չներգրավվեն կոռուպցիոն ռիսկերի մեջ: Կոռուպցիան բացի իր բոլոր արատավոր հիմքերից նվաստացնում է փաստաբանի մասնագիտությունը, որովհետև փաստաբանն որպես իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձ ամբողջությամբ իր մասնագիտական գիտելիքներով է առաջ գնում: Մենք պետք է մեր գիտելիքների կատարելագործման վրա անընդհատ աշխատենք: Իսկ կոռուպցիոն ռիսկերի մեջ մտնող փաստաբանը չի փորձում ինքն իրեն կատարելագործել: Եթե մենք չկատարելագործվենք չենք կարող մեր վստահորդներին պատշաճ կերպով պաշտպանել:՚-նշել է Արա Զոհրաբյանը: Ըստ Պալատի նախագահի՝ փաստաբանների այս սերունդը ունի մեծ առավելություն՝ նրանք փաստաբանական համայնք են մտնում ունենալով փաստաբանների մեծ շրջապատ, քանի որ նրանց կողքին կանգնած են փաստաբանական դպրոցի իրենց համակուրսեցիները, ինչպես նաև ավագ ու փորձառու փաստաբաններ, ովքեր մասնակցել են նրանց դասընթացներին: ՙԴուք արդեն լուրջ թիմ եք և միասին կարող եք հաջողության հասնել՚ -նշել է Արա Զոհրաբյանը: Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը ողջույնի իր խոսքում շնորհավորել է արդեն գործընկեր դարձած փաստաբաններին և նշել, որ,-ՙփաստաբանության զարգացումը ուղիղ համեմատական է արդարադատության զարգացման հետ: Եթե հետադարձ հայացք նետենք փաստաբանության խնդիրներն պետք է արձանագրել, որ այսօր ունենք բավականին զարգացած փաստաբանական ինստիտուտ՚: Նորընտիր փաստաբաններին շնորհավորել են նաև փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Կարեն Մեժլումյանը և Մարտուն Փանոսյանը, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը։ Ռուբեն Մելիքյանը նշել է՝ ՙվստահ եմ, որ 2015թ դեկտեմբերին, երբ կրկին շնորհավորենք իրար փաստաբանների նոր սերնդի արտոնագրեր ստանալու կապակցությամբ, կկարողանանք շոշափելի արդյունքներ ներկայացնել համատեղ աշխատանքի վերաբերյալ:՚։

Նմանատիպ նյութեր