211652_close_icon

Ֆրանսիան պետք է ամեն ինչ անի թույլ չտալու եւս մեկ ցեղասպանություն հայերի նկատմամբ. Վոքիեին

views-count1213 դիտում article-date 20:40 31-03-2023
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությունը՝ այսօր մարտի 31-ին, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի եւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ:

Ինչպես տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին է ներկայացրել հուշահամալիրի ստեղծման պատմությունը։

Նա անդրադարձ է կատարել նաեւ Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի եւ Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի եւ Հայոց ցեղասպանության միջեւ:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել խաչքարերին եւ գերեզմաններին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հակահայկական քաղաքականության զոհերի հիշատակին:

Պարոն Լորան Վոքիեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետեւ հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Լորան Վոքիեն շեշտել է, որ հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունները դարերի պատմություն ունեն, եւ որ Ֆրանսիան պետք է անի ամեն ինչ թույլ չտալու եւս մեկ ցեղասպանություն հայերի նկատմամբ:

Թանգարանի տնօրեն Հարություն Մարությանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել  Վոքիեին Հայաստանի կողքին լինելու համար, եւ նշեց, որ 2020 թ. Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի ղեկավարի աջակցությամբ լույս տեսած «Հոշոտված Հայաստան». Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ֆրանսերեն հրատարակությամբ սկիզբ առած համագործակցությունը շարունակական կլինի եւ առաջիկայում համատեղ նորանոր ծրագրեր կիրականացնեն: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը պարոն Վոքիեին նվիրեց նաեւ ՀՑԹԻ հրատարակություններից:

Այցի ավարտին ֆրանսիական պատվիրակությունն եղալ է նաեւ Հիշողության պուրակում, որտեղ Լորան Վոքիեն ջրեց 2019 թ. իր տնկած արծաթափայլ եղեւնին:

Նմանատիպ նյութեր