211652_close_icon
views-count823 դիտում article-date 14:31 22-03-2023

Հայաստանի և Իրանի միջև խորհրդակցությունները բավականին ինտենսիվ են ընթանում. ԱԳ փոխնախարար

Հայաստանի և Իրանի միջև խորհրդակցությունները բավականին ինտենսիվ են առաջ ընթանում թե՛ ԱԳ նախարարների, թե՛ նախարարությունների միջև խորհրդակցությունների մակարդակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: Գրում է Oragir.News-ը։

«Սա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ հայ-իրական օրակարգը վերջին տարիներին ընդլայնվել է և ԱԳՆ-ները կոչված են օգնելու սպասարկել այդ օրակարգը, որը բավականին մեծ է: Այն իր մեջ ներառում է թե տնտեսական բազմաթիվ ծրագրեր, որոնք փորձում ենք կյանքի կոչել համատեղ ուժերով, թե փորձում ենք միմյանց ավելի ընկալելի դարձնել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված: Այս առումով անհրաժեշտ է, որպեսզի խորհրդակցությունները չընդհատվեն և պարբերական լինեն»,-ասաց նա:

Կոստանյանը ընդգծեց, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկումներում անդրադարձ է կատարվել հայ-իրանական ամբողջ օրակարգին, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերին:

«Գիտեք, որ հատկապես վերջին օրերի ընթացքում ԱԳՆ-ն նաև իր կողմից տարածված հաղորդագրությունների միջոցով ներկայացնում է այն իրավիճակը, որը ստեղծվել է տարածաշրջանում և Ադրբեջանի սադրիչ գործողությունների փորձերը, որոնք միտված են էլ ավելի ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, և այս ամբողջը հանգամանալից կերպով ներկայացվել է մեր իրանցի գործընկերներին»,- ասաց Կոստանյանը:

Նմանատիպ նյութեր