211652_close_icon
views-count40668 դիտում article-date 22:55 14-03-2023

Արագածոտնի մարզի ոստիկաններն իրականացրել են «Համակարգից պետք է մաքրել աղբը» օպերացիան. Երևանի գնդի կրտսեր պարեկի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող սպիտակ գույնի բյուրեղանման զանգված. պարեկը ձերբակալվել է

Այսօր՝ մարտի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանի, Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ, Արագածոտնի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Համակարգից պետք է մաքրել աղբը» անվանումը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել,  ապա օպերատիվ տվյալներն իրացնելով այսօր գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի՝ «Շահվերդ» կոչվող հատվածից, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջական ծագած հիմնավոր կասակածանքի հիման վրա ձերբակալվել և ոստիկանության Աշտարակի բաժին է տեղափոխվել Գեղարքունքի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Առաքելյանը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ենթարկվել է անձնական խուզարկության և բաճկոնի գրպանում հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա է եղել 2 հատ փայլաթիթեղյա փաթեթ, որում եղել է սպիտակ գույնի բյուրեղանման զանգված:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրանց քաշը կազմել է 0,91 և 0,96 գրամ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տ. Առաքելյանը  եղել է իր ծանոթի ավտոմեքենայով, ով նույնպես ենթարկվել է անձնական խուզարկության, նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել: 

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ Տ. Առաքելյանը, որպես կասկածյալ, ձերբակալվել է: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տ. Առաքելյանը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտում՝ որպես կրտսեր պարեկ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր