211652_close_icon
views-count1105 դիտում article-date 12:42 14-03-2023

Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ըստ ՔԿ-ի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներից ստացված հաղորդման առթիվ 2023թ. մարտի 12-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական եւ վարութային գործողությունների, այդ թվում նաեւ առգրավված՝ պարեկներին ամրակցված տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 12-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Գ. Պետրոսյանը, չենթարկվելով պաշտոնատար անձինք հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների օրինական պահանջներին, այդ կերպ միջամտելով վերջիններիս ծառայողական գործունեությանը։

Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցներին փաստաթղթերի ստուգումից  հրաժարվելուն, սթափության վիճակի զննություն չանցնելուն հարկադրելու նպատակով, նա սպառնացել է պարեկի նկատմամբ գործադրել նրա առողջությանը վնաս պատճառելու նպատակ հետապնդող բռնություն, ապա անտեսելով ավտոմեքենայից դուրս գալու իրեն ուղղված պահանջները, վարել է մեքենան եւ հեռացել նշված վայրից։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել` Գ. Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Միջնորդությունը բավարարվել է եւ այսօր՝ մարտի 14-ին, վերջինիս ներկայացվել է մեղադրանք։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 11-ին, ֆեյսբուքյան օգտատեր Հովսեփ Կուբաթյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, որով երևում է, թե ինչպես է Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով Պարեկային Ծառայության պարեկների օրինական «կանգառ» պահանջին, դիմում է փախուստի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված Mercedes մակնիշի ավտոմեքենան վարել է ոչ ավել, ոչ պակաս, հանրությանը հայտնի, իրեն մեծն իրավաբան և օրենքների գիտակ համարող, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով ՝ երեկ ժամը 21։00-ից 21։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստի» մոտ ստուգման նպատակով կանգնեցնում են Mercedes մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չենթարկվելով պարեկների՝ «կանգառ» օրինական պահանջին, դիմում է փախուստի։

Սկսվում է հետապնդում, որը հասնում է մինչև Երևանի Ծարավ Աղբյուր փողոց, որտեղ վարորդը դարձյալ չի ենթարկվում պարեկների օրինական պահանջին և նորից դիմում է փախուստի։ Բայց ինչպես ժողովուրդն է ասում․ «Կատվի խաղը՝ մկան մահը», Mercedes-ի վարորդը հայտնվում է մկան օրը։

Տեղում երբ պարեկները փորձում են նրան ենթարկել սթափության փորձաքննության, վարորդը, որը լինում է Գ․ Պետրոսյանը հրաժարվում է սթափություն հանձնելուց։

Պարեկները նրան բերման են ենթարկում և տեղափոխում Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ այնուհետև տեղափոխում են Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժին։

Դեպքի փաստով  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ․ Պետրոսյանը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ծարավ աղբյուր փողոցի 55/5 հասցեի մոտ նա նաև սպառնացել է պարեկներին, ասելով՝ «կխփե՛մ՝ ուշքդ կգնա, արա՛»։ Գ․ Պետրոսյանն աշխատում է Երևանի պետկան համալսարանաի «ՔԴ» ամբիոնում որպես դոցենտ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր