211652_close_icon
views-count2857 դիտում article-date 17:44 12-03-2023

Զրույց նախարարի հետ՝ «տոռմուզ անող» գյումրեցի պաշտոնյայի ու աշխարհում դեռ նմանը չունեցող տեսակի «լիմոն» արտադրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Առավոտ»

Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դահլիճում «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող  բիզնես ֆորումի ժամանակ «Վարդենի ջերմոց» տնտեսության համահիմնադիր ու համասեփականատեր Ցոլակ Չադրյանը բարձրաձայնեց Լարսի ճանապարհի պարբերաբար փակ լինելու պատճառով մեծ վնասներ կրելու հարցը։ Գրում է «Առավոտը»։

«Լավ գիտենք, որ մեր արտադրանքի ամբողջ 90 տոկոսը սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում, ասում ենք ԵՏՄ շուկա, բայց դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Անցած տարի ինչ ահռելի կորուստներ ենք ունեցել գյուղմթերք արտադրողները։ Լավ գիտեք, եթե ասենք թաց, թարմ ապրանքը 20 օր կանգնում է մաքսակետում, այլ այլընտրանք չունի, քան վերջնական արդյունքում այդ ապրանքի թափվելը։

22 միլիոն դրամի չափ կորուստ եմ ունեցել, համոզված եմ՝ հարյուրավոր միլիոն դրամի կորուստ էլ ունեցել են մյուս ոլորտները։ Կոնկրետ իմ ոլորտի հետ կապված ասեմ՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրվում է  ավելի քան 10-20 անգամ ավելի շատ վարդ և ելակ, քան ներքին շուկային անհրաժեշտ է։ Ավել վարդի ու ելակի մեծ բաժինը սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Եվ մենք բոլորս հասկանում ենք, որ եթե նույնիսկ մի օր ճանապարհը փակվում է, բոլորս ինչ խնդիրների առաջ ենք կանգնում։

Ինչ եմ առաջարկում ես՝ որպես գործարար, մենք մեր տնտեսությունը պիտի դիվերսիֆիկացնենք և  զբաղվենք այնպիսի մշակաբույսերի արտադրությամբ, որոնք սպառվեն ոչ միայն մեր ներքին շուկայում, այլ դրսի։ Կարտահանվի ոչ որպես առաջնային ապրանք, այլ երկրորդային, հնարավորություն կունենանք երկար ժամանակով պահել մեր արտադրանքը։

Շուկան ուսումնասիրելուց պարզ դարձավ, որ լավանդան, որը դիտարկենք որպես այլընտրանքային ցորենին, 10 անգամ ավելի եկամտաբեր է։ Բոլոր պայմանները կան՝ բնակլիմայական, ջրային ռեսուրսները, արևային օրերի ժամերն են հաշվարկած, շատ հավանական է այն դառնա լուրջ այլընտրանք ցորենին կամ գարուն։

Ուսումնասիրելով նաև ներքին շուկան՝ տեսել եմ, որ 3-3,5 հազար տոննա մենք ցիտրուս, կիտրոն ենք ներկրում, որի բաժինը ներքին արտադրանքի 1-2 տոկոս է»,-ասաց գործարարը։

Նա  նշեց, որ 420 հազար դոլարի վարկեր ունի, որը վերցրել է բավականին բարձր տոկոսադրույքով՝ 13 տոկոսով։ Ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում մեծ չափի կիտրոն արտադրող չկա, իսկ իրենք 1,5 տարի ժամանակ են տրամադրել այդ մշակաբույսին, այն ձեռնտու է։

Գործարարը բիզնես ֆորումին մասնակցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց՝ եթե որպես նորարարություն հիմք դնեն, պատրա՞ստ է կառավարությունն աջակցելու։

Ցոլակ Չադրյանն անդրադարձավ նաև Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի աշխատաոճին՝ դժգոհեց, որ բյուրոկրատական քաշքշուկ է տիրում հողերի ձեռք բերման, ուղղակի վաճառքի ու ճարտարապետահատակագծային առաջադրանքների ստացման հետ կապված։

Նա նշեց՝ եթե այդ խնդիրները չլուծվեն, մարդիկ կլքեն երկիրը։ Նա նաև տեղեկացրեց, որ կլրանա իր դիմում տալու մեկ տարին։ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հակադարձեց, թե հարևանից համաձայնություն բեր։

Գործարարը շարունակեց՝ ասելով, որ քաղաքապետարանը երեք պատասխան է տվել, որից մեկում գրել է,  թե այն ընկնում է Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի տարածքում, քաղաքաշինության նախարարությունն էլ նշել է, որ նման բան չկա։

Մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր