211652_close_icon
views-count80243 դիտում article-date 09:31 03-03-2023

Ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ բախվել են վրացական համարանիշներով Mercedes GL-ն ու Volkswagen-ը. կա զոհ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավատոճանապարհի Ծիլքար գյուղի վարչական տարածքում բախվել են վրացական համարանիշներով Mercedes GL և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարում նույն դասակի պարեկ Ռուդիկ Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Հովսեփ Սահակյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Արագածի բաժնի պետը։ 

Վթարի մասին Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վաւրչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Բ․ Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, պարեկներն ու ոստիկաններն ասում էին․ «Վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել։ Եվ վթարից միայն 30 րոպե անց ճանապարհն սպասարկող ճանշինի աշխատակիցները բարեհաճեցին ժամանել նշված վայր և սկսեցին «լոբու մարգեր» դարձած սառույց ճանապարհը մշակել աղ ու ավազով։ Իսկ եթե նրանք ժամանակին հեռացնեին այդ սառցե «լոբու մարգերը», ապա վթարը տեղի չէր ունենա»։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր