211652_close_icon
views-count1204 դիտում article-date 16:23 02-03-2023

Հայաստանում հուշաքարերն ու խաչերն այսուհետ կտեղադրվեն միայն հատուկ թույլտվությամբ

Հուշաքարերը, խաչքարերը, խաչերը կդասվեն միջին ռիսկայնության օբյեկտների շարքում։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ ներկայացնելով կառավարության հաստատմանն առաջարկվող որոշման նախագիծը։

«Հատուկ նշանակության հողերի, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, ինչպես նաև տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների առանցքից 30 մետր սահմանվող գոտիներում շինարարություն կամ տեղադրում իրականացելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ կառուցվող օբյեկտի բարձրությունը գերազանցում է 2.4 մետրը, անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերի մշակման փուլում առաջակվող լուծումները նախապես համաձայնեցնել քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ»,- ասաց Ղուլարյանը՝ հավելելով, որ պետական մարմինն էլ իր հերթին դրանք կհամաձայնեցնի, ըստ անհրաժեշտության, ԱԱԾ-ի ոստիկանության, ճանապարհային ոլորտի ու շրջակա միջավայրի պահպանության լիազոր մարմինների հետ։

Արդեն տեղադրված հուշաքարերն ու խաչերը ևս կառավարության ուշադրության կենտրոնում են, ուսումնասիրվելու են քաղաքաշինության կոմիտեի և ՏԿԵՆ-ի կողմից և անհրաժեշտության դեպքում առանձին որոշումներ են կայացվելու։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նաև հայտնեց, որ արդեն մշակվել է ու առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի Վարչական օրինախախտումների մասին օրենքում հուշաքարերի, խաչքարերի, խաչերի տեղադրման կարգը խախտելու համար նախատեսված պատասխանատվության միջոցների մասին նախագիծը։

Նմանատիպ նյութեր