211652_close_icon
views-count4504 դիտում article-date 10:09 02-03-2023

«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Նաիրի Պապոյան

Ես Նաիրի Պապոյանն եմ, 20 տարեկան, Լոռու մարզի Վարդաբլուր գյուղից:

Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին նման յուրօրինակ նախաձեռնության համար, քանի որ Արցախի հարցը համայն հայության ամենաառաջին խնդիրն է: Հուսով եմ, որ Ձեր այս նախաձեռնության շնորհիվ կհավաքվեն մարդիկ, որոնք գուցե միավորվեն ու միասնական լուծումներ գտնեն, որպեսզի միասնական ուժերով փորձենք փրկել մեր սիրելի Արցախը:

Հիմա մի փոքր պատմեմ իմ մասին: Նախ՝ ասեմ, որ մինչ պատերազմը եղել եմ անհոգ երեխա, նույնիսկ շատ կամակոր՝ դպրոցում սովորելու առումով, ինձ վրա չէին ազդում ո՛չ ծնողներիս, ո՛չ էլ ուսուցիչներիս այնքան հորդորները, որ ես կարող էի գերազանց առաջադիմությամբ աշակերտ լինել: Սակայն, ասեմ նաև, որ միշտ ունեցել եմ նախասիրություններ՝ ուսումնասիրել ֆիզիկայի տարբեր հայտնագործություններ:

Անընդհատ ինչ-որ փորձեր էի անում, զարմացնում ուսուցիչներիս ու ընկերներիս: Չարաբաստիկ պատերազմը տակնուվրա արեց իմ ողջ ներաշխարհը: Ամեն ինչ իմ կյանքում միանգամից փոխվեց, այն անհոգ պատանին դարձավ մտահոգ ու շատ նյարդային, չգիտեի ինչպես օգնեմ պատերազմի դաշտում գտնվող իմ եղբայրներին: Այդ ժամանակ երկու ամիս էր մնացել, որ զորակոչվեի բանակ: Պատերազմը վերջացավ, եկավ իմ սպասած պահը, որ գնամ բանակ ու իմ պարտքը տամ հայրենիքիս, սակայն մի փոքր առողջական խնդիր ունեի, ինչն էլ հիմք հանդիսացավ, որ բժիշկները չթողնեն բանակ գնալ, չնայած իմ բոլոր խնդրանքներին: Ինձ մնում էր ուրիշ տարբերակ գտնել հայրենիքիս օգտակար լինելու համար:


Շատ երկար մտածելուց հետո գտա իմ անելիքը: Արդեն երկար ժամանակ մի միտք կար իմ գլխում, ֆիզիկա ուսումնասիրելով մի գյուտ էի մտածել, որ մինչ այժմ համաշխարհային ֆիզիկայում չկա: Իսկ դրան հասնելու համար ինձ մնում էր սովորել: Ծնողներիս ասացի, որ ուզոմ եմ ֆիզիկա ու մաթեմատիկա պարապել, շատ զարմացան, այդքան տարիներ չսովորելուց հետո, դպրոցն արդեն մի տարի վերջացրած ուզում եմ սովորել, այն էլ այդ բարդ առարկաները, սակայն շատ ուրախացան: Հենց նույն օրը մասնագետների մոտ գնացինք, նրանք ասացին, որ տարիներ են պետք սովորելու ու բուհ դիմելու համար, ես ասացի քանի տարի էլ անհրաժեշտ լինի՝ ես կպարապեմ: Իմ լավ ուսուցիչների ու իմ շատ մեծ ջանքերի շնորհիվ հենց առաջիկա քննությունները հանձնեցի ու ընդունվեցի Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Բոլորը զարմացած էին, սակայն նրանք չգիտեին, որ հայրենիքիս հանդեպ իմ սերն է ինձ այդքան ուժ տվել, որ կարողանամ հաղթահարել բոլոր դժվարությունները: Հիմա ուսանող եմ, նույն ոգով սովորում եմ, որպեսզի շուտ կարողանամ հասնել իմ գյուտի ստեղծմանը: Ես գիտեմ, որ այս պատերազմում մեր զինվորականները չեն պարտվել, այլ պարտվել է մեր գիտությունը, որը չէինք զարգացրել: Հիմա իմ ու իմ հասակակիցների, ինչպես նաև ողջ հայությանը մնում է ջանք չխնայել, միավորվել ու բոլորիս ներուժը դնել Արցախի փրկության համար: Ես գիտեմ, որ շատ շուտով գալու է բոլորիս բաղձալի օրը, ունենալու ենք հզոր ու անառիկ, միավորված Հայաստան աշխարհ:

Նաիրի ՊԱՊՈՅԱՆ

Նմանատիպ նյութեր