211652_close_icon
views-count1945 դիտում article-date 19:00 01-06-2026

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթար-հրդեհից հետո տեղափոխվել էին ԲԿ. նրանցից մեկի հայրը 1 տարի առաջ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 1-ին, SHAMSHYAN.com-ը բացառիկ տեսանյութ, ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում մայիսի 31-ին տեղի ունեցած խոշոր ավտովթար-հրդեհի մասին, ինչի համար էլ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժինը պարզել է, որ նշված վթարի հետևանքով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 15-ամյա Արման Ս․-ն և 15-ամյա Ռուբեն Հ․-ն։ Վերջինները գտնվել են ծանր վիճակում և շնորհիվ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ հնարավոր է եղել փրկել երեխաների կյանքը, սակայն որոշ ժամանակ
նրանք պետք է մնան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Արման Ս․-ն 2025թ․ հունվարի 13-ին Արարատի մարզում ողբերգական վթարի հետևանքով մահացած՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի տղան է։ 

Քննչական բաժինը պարզում է՝ երեխաներից ով է եղել «Honda»-ի վարորդը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 31-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ թիվ 78 հասցեի դիմաց, «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել էին կրակի տարածումը, ապա մարել այն, իսկ վթարի հետևանքով 1 անչափահաս ուղևոր, ում առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Սարգիս Պողոսյանը և Արթուր Կարապետյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Տիգրան Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենանայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վարորդը, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, ևս անչափահաս էր։

SHAMSHYAN.comներկայացրել էր բացառիկ տեսանյութ, թե ինչպես էր տեղի ունեցել խոշոր ավտովթար-հրդեհը, և «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար վթարային իրավիճակ էր ստեղծել մեկ այլ տրանսպորտային միջոց։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2025 թ․ հունվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Սարգսյանի որոշմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ Քր. օր.-ի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մահ): 
 
Նշված քրեական վարույթը նախաձեռնվել էր 2025 թ․ հունվարի 13-ին Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, ինչի հետևանքով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների ձորում հայտնաբերվել էր «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի մարմինը Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, դուրս էին բերել մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, և մարմինը մոտ 700 մետր ոտքով անանցանելի ճանապարհով մոտեցրել էին դիատարին: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել էր դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական փորձաքննություն, պարզելու համար՝ արդյոք ավտոմեքենան տեխնիկական անսարքություններ ունեցել էր, թե ոչ:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հիմնական պատճառներից մեկը եղանակային անբարենպաստ պայմաններն էին եղել՝ մառախուղը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը,  2025 թ․ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կա տուժած:

Դեպքի վայր էին ժամանել Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Տեղում պարզվել էր, որ «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել էր մետաղե ջարդոնի, մոտ 700-800 մետր գլորվել էր ձորը:
 
Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել էին տղամարդու մարմին: 

Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը: 

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և դասակի հրամանատար Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ: 

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր