211652_close_icon
views-count38296 դիտում article-date 11:29 01-02-2023

Ավազակային հարձակում Երևանում հայտնի «999» բարում․ Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին այն կատարած երկվորյակ եղբայրներին

Երեկ՝ հունվարի 31-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցում գործող «999» բարի առանձնասենյակներից մեկում դանակի սպառնալիքի տակ քաղաքացուց պահանջել և վերցրել են նրա բջջային հեռախոսը, ոսկյա մատանին ու հեռացել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։ 

Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի էր, և քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Երևանի գնդի պարեկների հետ, Խանջյան փողոցում նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով՝ ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ՝ երկվորյակ եղբայրներ, 21-ամյա Էրիկ և Էմին Շ․-երին։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններիս այնուհետև Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած քաղաքացին էլ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Թաթուլ Մ․-ն է։ 

Իսկ խոսակցությունը եղել է երկվորյակ եղբայրների և Թաթուլ Մ․-ի միջև գումարային հարցի շուրջ, որի ժամանակ էլ եղբայրներից մեկը դանակի սպառնալիքի տակ իր սև գործն է արել։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր