211652_close_icon
views-count619 դիտում article-date 16:26 26-01-2023

Կառավարությունը 100 %-ով կփոխհատուցի Ջերմուկում տուժած տնտեսավարողների 4 ամսվա էլէներգիայի ու գազի ծախսը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ջերմուկում 2022 թվականի սեպտեմբերին ռազմական գործողություններից տուժած տնտեսվարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով Ջերմուկում հյուրանոցներն ու հյուրատները ընդհուպ մինչեւ երկու ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկների։

«Չնայած արդեն հոկտեմբերի 2-րդ կեսից և նոյեմբերի սկզբից հյուրատների և հյուրանոցների կողմից գործունեությունը վերականգնվել էր զբոսաշրջիկների համար, Ջերմուկ համայնքը շարունակում էր մնալ ոչ գրավիչ և վտանգավոր վայր՝ հանգիստը կազմակերպելու տեսանկյունից։ Նշված գործոնների ազդեցությամբ, համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տեղեկատվության՝ մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ կառավարությունն առաջարկում է Վայոց ձորի Ջերմուկ համայնքում 2022 սեպտեմբերի 11-ի դրությամբ հյուրատնային և հյուրանոցային գործունեություն իրականացնող կազմակերպություններին, որոնց շրջանառությունը նվազել է 50 տոկոսից ավելի, փոխհատուցել սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսերի համագումարի 100 տոկոսը, ինչն էապես կթեթևացնի նրանց կրած վնասները, և թույլ կտա որ ընկերությունները ծառայությունները մատուցեն ամբողջ ծավալով և առանց որակի կոմպրոմիսի գնալու:

«Ընդհանուր աջակցության չափը, մեր նախնական գնահատականներով, կկազմի մոտ 50 մլն դրամ, որը, կարծում ենք, արդեն կրած վնասների փոխհատուցման տեսանկյունից համարժեք է»,- ասաց Վահան Քերոբյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե երբ դեկտեմբերի 17-ին Ջերմուկում տեղի է ունեցել ՔՊ-ի քաղաքական ժողովի նիստը, իրենք շփումներ են ունեցել բնակիչների հետ ու փոխհատուցման այս առաջարկը Ջերմուկի գործարարներն են արել. «Այո, 4 ամիսների գազի ու էլէներգիայի ծախսը մենք 100 տոկոսով փոխհատուցում ենք»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ փոխհատուցում ակնկալող ընկերությունները պետք է 100 հազար դրամից ավելի հարկային պարատվորություն չունենան պետության նկատմամբ։

Նմանատիպ նյութեր