Վահանի եւ Ճամբարակի բնակիչների գազի վարձավճարի մի մասը կփոխհատուցի կառավարությունը
ՀՀ կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը, որում Գեղարքունիքի մարզից ընդգրկված են Ճամբարակ եւ Վահան համայնքները:
Ծրագրի շրջանակներում աջակցություն ստացող համայնքների բնական գազ եւ էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարի որոշակի մասը փախհատուցելու է կառավարությունը: Այս համայնքների բնակիչներն ամբողջովին ազատված են նաեւ հողի եւ անշարժ գույքի հարկերից:
Ճամբարակ համայնքի 1310 բնակիչ-բաժանորդները տարեկան միջին հաշվով սպառում են 600.000 խմ. բնական գազ, որը կազմում է շուրջ 94 միլին դրամ: Նախնական հաշվարկներով այս գումարի մի մասը՝ շուրջ 47 մլն դրամ, 2015 թվականի ընթացքում կփոխհատուցի պետությունը:
Ճամբարակ համայնքի 1720 բաժանորդները տարեկան միջին հաշվով սպառում են 4 միլիոն 130 կՎտ էլեկտրաէներգիա, ինչը կազմում է շուրջ 173 միլիոն դրամ: Ծրագրի շրջանակներում պետությունը կփոխհատուցի շուրջ 53 միլիոն դրամը:
Վահան համայնքում էլեկտրաէներգիայի բնակիչ-բաժանորդները 270-նն են, իսկ բնական գազինը՝ 225-ը: Գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց վահանցիները տարեկան միջին հաշվով վճարում են շուրջ 36 միլոն դրամ, որից նախնական հաշվարկներով շուրջ 14 միլիոնը կփոխհատուցի պետությունը:
Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը: