211652_close_icon
views-count665 դիտում article-date 10:47 26-01-2023

«Անցակետի» ադրբեջանական պատումը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ադրբեջանը աստիճանաբար հրաժարվում է «բնապահպանների ակցիայի» պատումից եւ առաջին պլան է մղում «անցակետի» պատումը: Ինձ թվում է, դա մտածված մարտավարություն է: Եթե հենց սկզբից բացահայտ եւ հրապարակավ հայտարարվեր, որ ճանապարհը փակում են Ադրբեջանի բանակի, ոստիկանության կամ ԱԱԾ-ի ներկայացուցիչները, ապա գուցե հարց առաջանար՝ «այդ ինչո՞ւ հանկարծ»: Այդ է պատճառը, որ անհրաժեշտ էր «բնապահպանական բողոքի» իմիտացիան: Եվ երբ, այսպես կոչված, «միջազգային հանրությունը» ընտելացավ այդ մտքի հետ, «ակտիվիստներին» պաշտոնապես փոխարինեց պետությունը, որը նույնքան «պաշտոնապես» պարբերաբար զրկում է Արցախը գազից եւ էլեկտրաէներգիայից:

Դա, կրկնում եմ, շատ նման է նախօրոք մշակված մարտավարության: Ընդ որում, զգացվում է թուրքական ոճը, ձեռագիրը: Հայոց ցեղասպանության տարիներին նույնպես հանցագործությունների մի մասը (հատկապես սկզբնական շրջանում) կատարում էին «պետության հետ կապ չունեցող» բաշիբոզուկները:

Եվ այսպես, այժմ պահանջը «մեքենաները կանգնեցնելն ու բեռները ստուգելն է»: Թե ինչ է դա իրականում նշանակում, կարծում եմ, ամենալավը մեկնաբանել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը. «Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետերին, ապա, եթե որևէ մեկը չի գիտակցում, թե դա ինչ է, և դրան տեսականորեն է մոտենում, և այդ մաքսակետը դիտարկում է որպես Բելգիայի ու Լյուքսեմբուրգի միջև հավանական մաքսակետ՝ չարաչար սխալվում է։ Դրանք լինելու են ոչ թե մաքսակետեր, այլ հայերի առևանգման, ձերբակալման կետեր, սա միանշանակ է։ Սա առհասարակ որևէ ձևով չի տեղավորվում նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության դրույթների ներքո»։

Դրան կարելի է ավելացնել, որ այդ պահանջը, եթե ինչ-որ հրաշքով կատարվի, եւ միջանցքը բացվի, վերջինը չի լինելու: Կլինեն նոր պահանջներ, որոնք չկատարելու դեպքում ճանապարհը նորից կփակվի: Եվ այդպես շարունակ: Քաղաքական նպատակը պարզ է՝ Ռամիլ Սաֆարովի գործողություններն արդարացնողն ի՞նչ նպատակ պետք է ունենա: 

Հնարավո՞ր են այստեղ ինչ-որ բանակցություններ եւ փոխզիջումներ: Տեսականորեն, այո: Բայց նախ՝ պետք է միշտ հիշել, թե ում հետ գործ ունես, երկրորդ՝ պետք է հստակ լինի, թե որ դիրքերից ես դու բանակցում, եւ երրորդ՝ ով է լինելու հնարավոր պայմանավորվածությունների կատարման երաշխավորը: Ռուսաստանն, ինչպես տեսնում ենք, այդպիսի երաշխավոր չի կարող լինել»:

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր