211652_close_icon
views-count829 դիտում article-date 19:16 01-05-2023

Արցախի նախագահն ԱԽ նիստ է հրավիրել․ քննարկվել են Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը և մի շարք այլ խնդիրներին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նիստում քննարկվել են Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը, Ադրբեջանի կողմից ԱՀ քաղաքացիների ազատ երթևեկությանը խոչընդոտող անօրեն գործողություններին, դրանց հետագա կանխմանը և առնչվող այլ հարցեր:

Ներկայացվել է օպերատիվ վիճակը միջանցքի տարածքում, ընդգծվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խստիվ պահպանման անհրաժեշտությունը:

Նախագահ Հարությունյանը համապատասխան կառույցների ղեկավարներին որոշ հանձնարարականներ է տվել, այդ թվում՝ ՌԴ խաղաղապահների հետ համագործակցությամբ հնարավորինս ապահովելու Շուշիի շրջանի՝ կրկնակի շրջափակման մեջ հայտնված չորս գյուղերի անվտանգությունն ու կենսագործունեության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարումը:

Նմանատիպ նյութեր