211652_close_icon
views-count769 դիտում article-date 14:08 29-12-2022

Ռուս խաղաղապահներին վարկաբեկելու գործը հանձնարարված է ՀՀ իշխանությանը. Էդգար Ղազարյան

«Պատկերացնո՞ւմ եք, ռուսական կողմը սկսի քննարկել՝ ասելով, որ ձեր ԱԽ քարտուղարը ասում է՝ Միութենական պետությանն անդամակցելու պահանջ են մեզ ներկայացնում, վարչապետն էլ այսպիսի բան է ասում. դժգո՞հ եք մեզնից, հայկական ժողովրդավարությունն իր դեմքն է ուզում փրկել, դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել, մենք էլ ժամկետից շուտ ենք ավարտում մեր առաքելությունը: Վաղը, ասենք, ՌԴ նախագահը հրաման է տալիս՝ խաղաղապահ առաքելությունն Արցախից դուրս է գալիս: Ի՞նչ է լինելու»,- այսօր, «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ այդ դեպքում կկատարվի Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի երազանքը, քանի որ նրանք միասին են իրականացնում ռուս խաղաղապահներին այդ տարածքից հանելու ծրագիրը: Գրում է «Առավոտը»։

Բանախոսը հիշեցնում է, որ առաջին հերթին Ադրբեջանի նախագահն է, որ չի ցանկանում այդտեղ ռուս խաղաղապահների ներկայություն, բայց նա մինչ այսօր ռուս խաղաղապահների մասին «մի թթու խոսք» չի ասել, քանի որ «այդ գործը հանձնարարված է Նիկոլ Փաշինյանին»: Հիշեցնենք, այսօր էլ, կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բերձորի միջանցքի փակումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է եւ այս կետով պարտավորություն են կրում եռակողմ հայտարարության կողմերից երկուսը՝ Ադրբեջանը եւ Ռուսաստանը:

«Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը, իսկ ՌԴ խաղաղապահի զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը: Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթեւեկության համար,  սին են եւ իրականության հետ ոչ մի կապ չունեն: Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, եւ սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է: Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է, այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբն ու ՌԴ-ն, որը անվտանգային կոնկրետ  պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ եթե  Ռուսաստանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  նիստում ու ԼՂ -ում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի. «Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի  միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ռուս խաղաղապահների  պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ»:

Էդգար Ղազարյանն անդրադարձավ Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազա գնալու կոչերին, եթե Բերձորի միջանցքն այսօր չբացվի. «Ի՞նչ կապ ունի 102-րդ ռազմաբազան: Հայաստանում ռուսական երեք ռազմական առաքելություն կա՝ խաղաղապահ զորքերն են, 102-րդ ռազմաբազան եւ ՌԴ ԱԾ սահմանապահ զորքերը. դրանք տարբեր առաքելություններ են՝ տարբեր զորամիավորումներով, տարբեր խնդիրներով: Հիմա ակնհայտ է, որ սրանք՝ իրենց իշխանությունով, իրենց կեղծ ընդդիմությունով, տեռորիստական կազմակերպություններով, իրականացնում են հակառուսական գիծ: Ռուսներն էլ ասում են՝ լավ դժգոհ ե՞ք, մենք դուրս ենք գալու ու դուրս են գալիս. ո՞վ է պաշտպանելու Արցախը, բացվելո՞ւ է այդ ճանապարհը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր